Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

«Մեկ օր անվասայլակով» ֆլեշմոբի նպատակն էր ցույց տալ հաշմանդամություն ունեցող անձանց դժվարությունները (տեսանյութ)

«Մեկ օր անվասայլակով» ֆլեշմոբը «Հույսի կամուրջ» ՀԿ-ի նախաձեռնությունն էր՝ մարդկանց ցույց տալու հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, դժվարությունները քաղաքում տեղաշարժվելիս ու ևս մեկ անգամ ևս բարձրաձայնելու ազատ տեղաշարժվելու նրանց իրավունքի մասին։

Ֆլեշմոբի ընթացքում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հաշմանդամություն չունեցող երաժիշտները անվասայլակներ էին վարում՝ ցույց տալու և նաև սեփական փորձով տեսնելու դժվարությունները, որոնց ամեն օր բախվում են հաշմանդամություն ունեցող անձինք։

Ֆլեշմոբը մեկնարկեց Ազատության հրապարակից և մասնակիցները շարժվեցին դեպի Կոմիտասի անվան պուրակ։

Ջութակահար Արամ Ասատրյանը, մի քանի պտույտ անելով անվասայլակով, կիսվեց տպավորություններով և նշեց, որ թեև ինքը ջութակահար է և ձեռքերը սովոր են ծանրաբեռնվածությանը, անվասայլակ վարելը կրկնակի դժվար էր։

«Թվում է, թե բան չկա անելու։ Բայց նստած ձեռքերով շարժվելը շատ դժվար է։ Եթե թեքություն կա, լրացուցիչ դժվարություն է առաջանում, որովհետև բացի նրանից, որ պետք է որևէ ուղղություն տաս քո շարժին, պետք է նաև քո քաշը տեղաշարժես», - ասաց նա։

Նրա խոսքով՝ նման ֆլեշմոբերը կարևոր են ոչ միայն  քաղաքացիների իրազեկումը բարձրացնելու համար, այլև պետական կառույցներին ցույց տալու խնդիրներն ու արագացնելու լուծումները։

Անվասայլակ չէր վարում, սակայն ֆլեշմոբին ներկա էր նաև Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը և նրա խոսքով՝ ցավոք, անցած պատերազմից հետո ավելացել են հաշմանդամություն ունեցող անձինք ու յուրաքանչյուր մարդ պետք է մտածի՝ ինչպես անել, որ հաշմանդամություն ունեցողները ապրեն հնարավորինս լիարժեք և բոլորի հետ հավասար պայմաններում․

«Երբ ինձ առաջարկեցին, ուրախությամբ համաձայնեցի մասնակցել այս նախաձեռնությանը։ Ինքս էլ շատ եմ մտածում այդ մասին անկախ ակցիաներից․  հավասարության կողմնակից եմ, որ ոչ մի մարդ դժվարության մեջ նչլինի»։

Թոփչյանի խոսքով՝ իրենք նույնպես քայլեր ձեռնարկում են և վերջերս Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի տնօրեն Վիկտոր Խաչատրյանի նախաձեռնությամբ դահլիճում վերելակներ տեղադրեցին, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար տեղաշարժվելն ավելի հեշտ լինի։

«ՔայլՏեք» ընկերության հատուկ կցորդիչով մի քանի անվասայլակներ նույնպես կային ֆլեշմոբում և կարելի էր նկատել, որ դրանցով տեղաշարժվելն անհամեմատ ավելի հեշտ էր։ Ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանն էլ փաստեց, որ դրանք հնարավորություն են տալիս, որ  մարդկանց ձեռքերն  ավելի քիչ հոգնեն․

«Այն օգնում է հաշմանդամին առանց ջանքերի տեղաշարժվել մի տեղից մյուսը և նաև հաճելի է դարձնում այդ տեղաշարժը՝ դարձնելով այն զբոսանք։ Սովորաբար ինչո՞ւ իրենք դուրս չեն գալիս մենակ, որովհետև ձեռքերը շատ են հոգնում»։

«Հույսի կամուրջ» ՀԿ անդամ, հաշմանդամություն ունեցող Արև Մելքոնյանն ասաց, որ քաղաքում իրենց համար տեղաշարժման մատչելիության աստիճանը հասկանալու տարբեր ակցիաներ պարբերաբար իրականացնում են և արդյունքն ուղարկում են Երևանի քաղաքապետարանին, սակայն շոշափելի արդյունքներ դեռևս չեն տեսել։ Երևանի փողոցները, նրա խոսքով, թեև հարմարեցվել են, սակայն մասնակի և որոշ խոչընդոտներով։

«10 տարի առաջվա համեմատ հասարակության վերաբերմունքը զգալիորեն փոխվել է։ Հասարակությունը հաշմանդամություն ունեցող անձանց ընդունում է այնպիսին, ինչպիսին կան։ Մենք այնպիսի ազգ ենք, որ երբ խնդիր ունեցող մարդ ենք տեսնում, անմիջապես ենք վերցնում մեր մաշկի վրա, ցավը զգում ենք ու այդտեղից վերաբերմունք է ձևավորվում։ Հաշմանդամությունը՝ որպես ցավ են ընդունում և խղճահարական մոտեցում են ցույց տալիս։

Օգտագործում են «տառապել» բառը, բայց հաշմանդամություն ունեցողները չեն տառապում, ապրում են լիարժեք կյանքով, ընդամենը հավասար պայմաններ են պետք», - ասաց Արև Մելքոնյանը։