Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մոսկվան անուղղակի փորձ է անում ներքաղաքական ճնշումը մեծացնել ՀՀ գործող իշխանության վրա․ վերլուծաբան (տեսանյութ)

Մոսկվայի կողմից անուղղակի փորձ է արվում ներքաղաքական ճնշումը մեծացնել գործող իշխանության վրա․վերլուծաբան

Սյունիքում և Գեղարքունիքում լարվածության թուլացման մասին չէի շտապի խոսել։ Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասում է ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը և հավելում, որ խնդիրը պետք է քաղաքական լուծում ստանա՝ չբացառելով նաև ռազմական լուծումը։ Ինչ վերաբերում է լուրերին, թե ադրբեջանցիները դիրքեր են ամրացնում, խրամատներ փորում, վերլուծաբանն ասում է՝ սա մեծացնում է հավանականությունը այդ տարածքից հարված ստանալու, նաև հետագայում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելը էլ ավելի դժվարանում է․ «Ցավոք, մեր պետականության թուլության մասին է խոսում, երբ մենք չենք կարողանում արագ հանգուցալուծել իրավիճակը»։ ՀԱՊԿ-ի արձագանքը վերլուծաբանը համարժեք չի համարում․ «Այս պարագայում ՀԱՊԿ-ի «ալարկոտ» մոտեցումները որևէ կերպ չեն կարող բավարարել Հայաստանի Հանրապետության որևէ բարեխիղճ քաղաքացու, բայց որքան էլ գործող իշխանությունները պնդեն, որ ՌԴ-ի կամ պաշտոնական Կրեմլի հետ խնդիրներ չկան, այնուհանդերձ, կարծում եմ, խնդիրներ կան և փոխադարձ անվստահությունը հանգեցնում է այս խնդիրներին»։

Ըստ Հակոբյանի՝ Մոսկվայի կողմից անուղղակի փորձ է արվում ներքաղաքական ճնշումը մեծացնել ՀՀ գործող իշխանության վրա՝ ինչ-ինչ քաղաքական հետևանքների հասնելու համար։

Ինչ վերաբերում է դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողով ստեղծելու Ռուսաստանի առաջարկին, վերլուծաբանն ասում է՝ մենք գործ ունենք սառը փուլ մտած պատերազմի հետ, և այս պայմաններում խոսել կողմերի միջև վստահության այնպիսի մակարդակի մասին, որն արդյունքում կբերեր դրական ելքի, իրատեսական չէ․ «Անհասկանալի է նաև գործող իշխանության վարքագիծը՝ այս նախընտրական թեժ և լարված իրավիճակում բերել, մի հանձնաժողովի ստեղծման գաղափարը լոբբինգ անել, որը կարող է հնարավոր արդյունք տալ միայն տարիներ անց։ Ըստ երևույթին՝ իշխանությունները, փորձելով հասնել թշնամու կողմից մեր զբաղեցրած տարածքների ազատմանը, ինչ-ինչ գաղտնի բանակցություններ էին սկսել վարել պաշտոնական Մոսկվայի և Ադրբեջանի հետ, սակայն, երբ Միքայել Մինասյանը հանրայնացրեց, դրանից հետո այլ ելք չմնաց, քան ընդունել առկայությունը։ Կարծում եմ՝ իշխանությունը նախնական փուլի հաշվին փորձում էր հասնել խնդրի լուծմանը, որը չստացվեց»։

Ըստ վերլուծաբանի՝ իրավիճակը մինչև ընտրություններ դրական առումով չի փոխվի, եթե ադրբեջանցիները չնահանջեն։