Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀ ԱԺ
A A
Պաշտոնական

Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող հարկ վճարողների մոտ պատերազմը խնդիրներ է առաջացրել

Մայիսի 19-ին տեղի է ունեցել ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ:

Օրակարգում ««Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման հարցն էր:

ՊԵԿ նախագահի տեղակալ Ա. Դոլուխանյանը ներկայացրել է օրինագծի ընդունման հիմնավորումը, ըստ որի՝ օրենքի նախագծի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է պատերազմական գործողությունների հետևանքով մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորմամբ:

Նախագծով առաջարկվում է մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերություններին հնարավորություն ընձեռել ընթացիկ տարվա ռոյալթիի գումարը նախորդ տարվա նկատմամբ պակաս նախատեսելու դեպքում ինքնուրույն որոշել ընթացիկ տարվա ռոյալթիի կանխավճարի մեծությունը՝ այդ մասին հայտարարություն ներկայացնելով հարկային մարմին:

Առաջարկվում է դիմումի ներկայացման ժամկետը փոփոխել՝ սահմանելով հունիսի 10-ը, ինչպես նաև «հաշվարկված ռոյալթի» բառերը փոխարինել «փաստացի ստացված ռոյալթի» բառերով՝ հաշվի առնելով մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերությունների կողմից ընթացիկ տարվա արտադրական հզորությունների ճշգրիտ կանխատեսման դժվարությունը:

Հաջորդիվ նախագիծը 4 կողմ ձայնով, դրական եզրակացությամբ ներկայացվել է առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահը, պատգամավորներ:

Այս մասին հայտնում է Արցախ ԱԺ-ը։