Բացել լրահոսը Փակել լրահոսը
Գագիկ Բեգլարյան
A A
Պաշտոնական

Գագիկ Բեգլարյանին բերման են ենթարկել օդանավակայանից

Ոստիկանությունը մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկել Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության տարածած հաղորդագրությունից։

«Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն։ Նա 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գագիկ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Գագիկ Բեգլարյանը եղել է 2002-2008թթ. Երևանի Կենտրոն համայնքի թաղապետը, 2009-2010 թվականներին Երևանի քաղաքապետը, իսկ 2012-2016 թվականներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը։