Միեւնույն առաջադրանքը
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզումային հավաք է անցկացնում Երեւանի նորաբաց ֆուտբոլի ակադեմիայում` նախապատրաստվելով սեպտեմբերի 3-ին եւ 7-ին կայանալիք Եվրոպայի 2012 թ առաջնության ընտրական խաղերին:
Երեկ մեր թիմն իր երկրորդ, եւ վերջին բաց մարզումն անցկացրեց, որին մասնակցեցին թիմ հրավիրված 20 ֆուտբոլիստներից 19-ը: Հավաքականի ենթահարձակվող Հենրիխ Մխիթարյանը, որը օգոստոսի 30-ին իր թիմի կազմում մասնակցել էր Ուկրաինայի առաջնության հերթական տուրին, միայն այսօր կեսգիշերին ժամանեց Երեւան:
Ինչպես տեղեկացրեց հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Հենրիխը առայժմ թեթեւակի մարզումներ կանցկացնի, իսկ սեպտեմբերի 2-ից արդեն լրիվ ծանրաբեռնվածությամբ կպատրաստվի առաջիկա հանդիպումներին:
Երեկ անհատական ծրագրով էին պարապում կիսապաշտպան Էդգար Մալաքյանը եւ հարձակվող Գեւորգ Ղազարյանը, որոնք թեթեւակի վնասվածքներ ունեն: Ինչպես տեղեկացրեց գլխավոր մարզիչը, Գեւորգ Ղազարյանի բացակայությունը Իռլանդիայի հավաքականի հետ խաղում նոր խնդիրներ կստեղծի թիմի համար: «Այս պահին մենք խնդիրներ ունենք միայն ձախ եզրում: Վնասվածքի պատճառով խաղին չի կարող մասնակցել մեր փորձառու ձախ պաշտպան Աղվան Մկրտչյանը: Այժմ այդ դիրքում փորձարկում են Արտակ Եդիգարյանին: Կա նաեւ Հովհաննես Համբարձումյանը, որը նույնպես կարող է խաղալ պաշտպանության ձախ եզրում: Սակայն եթե Գեւորգ Ղազարյանը չհասցնի ապաքինվել մինչեւ հանդիպումը, ապա խնդրիներ կունենանք նաեւ կիսապաշտպանության ձախ եզրում»:
Խոսելով ֆուտբոլի նոր ակադեմիայի մասին, հավաքականի գլխավոր մարզիչն ասաց, որ պարզապես ստեղծված են իդեալական պայմաններ ուսումնամարզումային հավաքների համար: «Վերջապես մենք ունեցանք մի մարզաբազա, որտեղ չկա որեւէ խանգարող գործոն վատ նախապատրաստվելու համար»:
Այն հարցին, թե ինչ սպասելիքներ ունի առաջիկա հանդիպումից, Վարդան Մինասյանը պատասխանեց. «Մենք տարբերություններ չենք դնելու մեր մրցակիցների միջեւ: Բոլոր խաղերում տղաները մտնելու են խաղադաշտ միեւնույն առաջադրանքով` հասնել հաղթանակի, իսկ թե ինչպես կստացվի, ոչինչ չեմ կարող ասել»: