Բացել լրահոսը Փակել լրահոսը
_DSC6250
A A
Պաշտոնական

Հուշագիր երկու բուհի հետ

 «ԼԻԿՎՈՐ» դեղագործական ընկերությունն իր գործունեության 30-ամյակի միջոցառումները մեկնարկեց R&D (Research and Development) գիտահետազոտական կենտրոնի  բացումով, և համագործակցության հուշագրեր կնքեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական և Երևանի պետական համալսարանների հետ:

Հուշագրերի համաձայն, կողմերը համագործակցելու են մի շարք ուղղություններով, իրենց ջանքերը, ներուժը, միջոցներն ու փորձը մեկտեղելով  ի նպաստ՝  ՀՀ-ում դեղարտադրության, կրթության և գիտության ոլորտների զարգացմանը,  երիտասարդ մասնագետների գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման, բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին աշխատանքի ապահովման և կարիերայի զարգացման հնարավորությունների ստեղծմանը։

30-ամյակի միջոցառումների շրջանակում «ԼԻԿՎՈՐ» ընկերությունը նաև հիմնել է  անվանական կրթաթոշակներ. «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան» կրթաթոշակ է տրամադրվելու ԵՊԲՀ-ի Դեղագիտական ֆակուլտետի բակալավրիատի վերջին կուրսի՝ առավել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողին: ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ուսանողին էլ կտրամադրվի «Պրոֆեսոր Ռաֆայել Հովհաննեսի Մաթևոսյանի անվան» կրթաթոշակ:

Իսկ «Մաթևոսյան Զարգացման հիմնադրամի» կողմից,  յուրաքանչյուր ֆակուլտետի մագիստրատուրա ընդունված ու  բարձր առաջադիմություն ունեցող ևս 3 ուսանող կստանան 2021թ.-2022թ. ուսումնական տարվա ուսման վճարի 50%-ի չափով փոխհատուցում:

Համալսարանների հետ համագործակցության շրջանակում «ԼԻԿՎՈՐ»-ում նախատեսվում են ուսումնական և արտադրական պրակտիկաներ,  որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ «ԼԻԿՎՈՐ»-ի  արտադրության գործընթացին, սկզբունքներին ու առանձնահատկություններին ինչպես նաև R&D գիտահետազոտական կենտրոնի գործունեությանը, որտեղ իրականացվելու են դեղագործության և կենսատեխնոլոգիաների ոլորտի հետազոտություններ, որոնց նպատակն է ստեղծել թերապևտիկ բարձր արդյունավետություն ունեցող դեղամիջոցներ։

Ընկերությունում նաև ստեղծվելու է ուսումնական հարթակ և ԵՊԲՀ դեղագիտության ֆակուլտետի և ԵՊՀ-ի ֆարմացիայի ինստիտուտի ուսանողներին, որպես ուսումնական ծրագրի մաս, հատկացվելու են հատուկ դասաժամեր՝ պատշաճ արտադրական և պատշաճ լաբորատոր գործունեության (GMP, GLP) ուսումնասիրման նպատակով: