Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hodvac 3
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ալիևը ինչո՞ւ չպետք է առաջ գար, երբ տեսնում է, որ Հայաստանի սահմաններին հովիվներն են նայում․ Թաթուլ Հակոբյան (տեսանյութ)

Դիմել ՀԱՊԿ-ին նույնն է, թե Հայաստանը դիմում է Ռուսաստանին։ Այս մասին «Հոդված 3»-ում տեղի ունեցած քննարկմանն ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի կառուցվածքն այնպիսին է, որ Մոսկվան՝ որպես գլխավոր դերակատար, առանձին-առանձին կապված է մնացած անդամների հետ։

«Անվտանգության տեսանկյունից Հայաստանն ու Ղրղզստանը, օրինակ, ընդհանուր հետաքրքրություններ չունեն, դրա համար հուսալ, որ ղրղզներն ու բելառուսները կգան այստեղ՝ պաշտպանելու հայերին, անհնար է։ Երբեմն նաև մի փոքր հակառակն է լինում», - ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ը կառույց է, որին դիմելուց հետո կարելի է սպասել որոշակի գործողությունների, բայց դրանք, ամենայն հավանականությամբ, ռազմական շրջանակում չեն լինի։

«Դրանք կլինեն գործողություններ, որոնք սովորաբար իրականացնում է Ռուսաստանը՝ քաղաքական ազդեցություններով, բանակցությունների փորձով, Ալիևի հետ  բանակցելու  փորձով, որ նա մի փոքր նահանջի։ Պատերազմի ավարտից հետո դա տեղի է ունենում տարբեր ձևաչափերով և ապարդյուն։ Հարցն այն է, որ Ռուսաստանի համար մեկ է՝ ում տիրապետության տակ է Սև լիճը», - ասաց նա։  

Իսկանդարյանի կարծիքով՝ Ադրբեջանի հիմնական նպատակը Սև Լիճը չէ, չնայած այն նույնպես կարող է որոշակի կարևորություն ունենալ նրանց համար։

«Ինձ թվում է՝ գլխավորն այն է, որ Ադրբեջանը հօգուտ իրենց է փոխում վերաբերմունքն այս հակամարտության նկատմամբ։ Մենք վաղուց ոչ թե պաշտպանում ենք Արցախը, այլ Սյունիքը», - ասաց նա։

Լրագրող, պատմության հետազոտող Թաթուլ Հակոբյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ Հայաստանը զգում է 44-օրյա պատերազմի և ստորացման հետևանքները և դա կլինի շարունակական, քանի դեռ Հայաստանում իշխանության են Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը․ «Որովհետև Ադրբեջանը տեսնում է, որ Հայաստանում չկա իշխանություն և այդ իշխանությունից կարող է ճզմել, քամել ինչ հնարավոր է։ Սա իրենց համար պատմական հնարավորություն է այնպես, ինչպես մենք ստացանք 1993-94-ին՝ առաջ գնալ և խորանալ դեպի քուր-արաքսյան միջագետք»։

Հակոբյանը հույս հայտնեց, որ առաջիկա ժամերի, օրերի ընթացքում Ադրբեջանը հետ կքաշվի, սակայն եթե դա լինի Ռուսաստանի միջամտությամբ, այն հենց այնպես չի արվելու և իր գինն է ունենալու։

«1991թ․-ից ի վեր առաջին անգամ Հայաստանի եռաստիճան, անգամ քառաստիճան պաշտպանական համակարգը չի աշխատում։ Այս դեպքերը համարենք, որ մեր պաշտպանության բանակը չի գործել։ Զարմանալիորեն հովիվներն են տեսել, որ ադրբեջանցիներն անցել են Հայաստանի տարածք։ Սա պետության բացակայության ամենաակնհայտ ցուցիչներից է։ Երկրորդ՝  չի աշխատել հայ-ռուսական համագործակցությունն ու չի աշխատել ՀԱՊԿ պայմանագիրը», - ասաց Թաթուլ Հակոբյանը։

Պաշտպանական չորրորդ համակարգն, ըստ լրագրողի, այն է, որ մինչ բանակի ստեղծումը մարդիկ կռվել են նրանով, ինչ ունեցել են ձեռքի տակ․ «Այս բոլոր չորս մակարդակներում Հայաստանի պաշտպանական համակարգը չի գործել։ Նայեք այս իրադարձություններին Բաքվից։ Ալիևը ինչո՞ւ չպետք է առաջ գար, երբ տեսնում է, որ Հայաստանի սահմաններին հովիվներն են նայում»։

Ասուլիսին ռազմական փորձագետ Հայկ Խաչիկյանն էլ նշեց, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո Հայաստանի սահմանին նման ոտնձգությունները գոնե մասնագիտական շրջանակների մոտ կանխատեսելի էին․

«Ինչպես հայտնի է, սահմանները գծում էին խորհրդային ժամանակներից մնացած քարտեզներին համապատասխան, որն իրականում երկու երկրների միջև սահման գծելու ամենալավ տարբերակը չէ», - ասաց Խաչիկյանը։

Այս պարագայում նույնիսկ Սև լճի դեպքն այդ տրամաբանության մեջ չի տեղավորվում, որովհետև, Խաչիկյանի խոսքով, նույնիսկ Խորհրդային միության գլխավոր շտաբի քարտեզների համեմատությամբ են նրանք շատ առաջ գնացել։

Թաթուլ Հակոբյանը նաև նշեց, որ Ադրբեջանը փորձում է ամեն կերպ շեղել Հայաստանին առաջնային թեմաներից։ Այս դեպքերից հետո, չնայած որ մենք չենք մոռացել գերիների մասին, բայց այսօր այդ հարցը մղվել է երկրորդ պլան։ Երրորդական պլան է մղվել Արցախի կարգավիճակի հարցը և այլն։

«Իրենք անդադար ստեղծում են մեզ համար խնդիրներ և մեզ ուղղակի մաշում են։ Սա հստակ ռազմավարություն է։ Պետք է փորձել գոնե ՀՀ սուվերեն տարածքի երկայնքով թույլ չտալ նրանց առաջխաղացումը», - ասաց նա։