Բացել լրահոսը Փակել լրահոսը
16209167565096
A A
Պաշտոնական

Այվազյանն ամերիկյան կողմին հայտնել է Ադրբեջանի սադրիչ գործողությունների անթույլատրելիության մասին

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: 

Հեռախոսազրույցի առանցքում տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի քննարկումն էր: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր զրուցակցին հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից իրականացված սադրիչ գործուղությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը:

Արա Այվազյանն  ընդգծեց Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների անընդունելիությունը և անթույլատրելիությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ միջազգային հանրության կողմից Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ նմանօրինակ ոտնձգությունների նկատմամբ հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով: