Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Երկիրը թավագլոր գնում է դեպի բեսպրեդել․ պետք է գա իրավական հարթություն․ Ս․Սարգսյանի պաշտպան (տեսանյութ)

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ այօր անցկացվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի գործով դատական նիստը։

Սերժ Սարգսյանի պաշտպանները դատարանին երկու միջնորդություն ներկայացրին․ մեկը վերաբերում էր նրա խափանման միջոցի վերացմանը, մյուսը՝ գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերն իրենց տրամադրելուն։ 

Ավելի ուշ, Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քննիչը փաստաթղթերը դատարան ներկայացրել է ընտրանքային կարգով։

Ինչ վերաբերում է խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությանը, Մակինյանն ասում է․

«ՀՀ-ում կա՞ մի ողջամիտ մարդ, ով կարծում է, թե Հանրապետության երրորդ նախագահը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմից, սա ծաղր է, չկա թաքնվելու ռիսկ, բացի այդ երրորդ նախագահը դատարանի թույլտվությամբ մեկնել է երկրից և վերադարձել է»։

Ինչ վերաբերում է դատավարության մասնակցի վրա հնարավոր ճնշումներին, ազդեցություններին, Մակինյանը հիշեցնում է․ Սերգո Կարապետյանը, ով գործով միակ մեղադրվող, ցուցմունք տվողն է, մահացել է, հետևաբար՝ անօրինական ազդեցության ռիսկը ևս վերացել է։

Ըստ փաստաբանի՝ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան․

«Երկիրը պետք է գա իրավական հարթություն, չնայած՝ թավագլոր արագությամբ գնում է դեպի բեսպրեդել»։

Փաստաբանը նաև բացահայտեց Սերգո Կարապետյանի տված ցուցմունքի հետ կապված որոշ մանրամասներ, ասաց, որ վերջինս իր նախորդ երկու ցուցմունքներին լրիվ հակասող ցուցմունք է տվել երրորդ անգամ՝ արդեն Սերժ Սարգսյանի դեմ․

«Թե ինչո՞ւ, ես դատարանում փաստերով կներկայացնեմ»,-ասաց Մակինյանը։

Բարսեղ Բեգլարյանի պաշտպանն էլ միջնորդել է իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել։

Հիշեցնենք՝ Սերժ Սարգսյանի եւ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Դատարանը միջնորդությունների վերաբերյալ որոշումը հրապարակելու է վաղը՝ 14։00-ին։