Առանց առանցքային կիսապաշտպանի
Ֆուտբոլի Իռլանդիայի հավաքականը Հայաստանի ընտանու հետ խաղից առաջ կորցրեց իր առանցքային կիսապաշտպաններից մեկին` Քեյտ Էնդրյուին: Ինչպես տեղեկացնում են իռլանդական լրատվամիջոցները, անգլիական «Բլեքբեռնի» ֆուտբոլիստը չի վերականգնվել վնասվածքից եւ ստիպված բաց կթողնի առաջիկա երկու ընտրական խաղերը: Նրան հավանաբար կփոխարինի անգլիական «Դերբիի» կիսապաշտպան Փոլ Գրինը:
Առողջության հետ կապված խնդիրներ ունեն նաեւ Իռլանդիայի հավաքականի հիմնական կազմի խաղացողներ Լայամ Լոուրենսը, Կիտ Տրեյսին եւ Պոլ Մաքշեյնը, որոնք հնարավոր է նույնպես չհրավիրվեն հավաքական: Իռլանդացիների գլխավոր մարզիչ Ջիովանի Տրապատոնիին մտահոգել է նաեւ այն փաստը, որ իր սաներից մի քանիսը հանդես չեն եկել իրենց թիմերի վերջին խաղերում (Ռոբի Քին, Շեյ Գիվեն, Այդան Մաքգիդի):
Իռլանդիայի ընտրանին Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը կսկսի նախապատրաստվել այսօրվանից, Դուբլինի մոտ գտնվող Մելհայդ նավահանգստային քաղաքի մարզաբազայում: