«Ռաֆ»-եր չե՞ն լինի
Երևանի երթուղային տաքսիների մեծ մասից ուղեւորները վախով են օգտվում: Դեռևս քաղաքային երթուղիները շարունակում են սպասարկել չփակվող դռներով, ոչ այնքան սարքին վիճակում գտնվող մեքենաները:
Երևանի բնակչուհի Սուսաննա Մարտիրոսյանը պատմում է, թե ինչպես է մի անգամ առանց նկատելու երթուղային տաքսիի կոտրված նստարանին նստել, ընկել ու ձեռքը վնասել:
«Ես հիմնականում ավտոբուսներ եմ նստում, երթուղային տաքիների մեջ ինձ ապահով չեմ զգում: Վստահ չեմ, որ ողջ և առողջ տեղ կհասնեմ»,-ասում է Ալվարդ Մխիթարյանը:
Իրենք` վարորդները, չէին ցանկանում պարզաբանումներ տալ այս հարցի շուրջ, սակայն հարցվողներից գրեթե բոլորն ասում էին, որ եթե տեխզննումն անցել են, ուրեմն ամեն ինչ կարգին է: «Ռաֆ» մակնիշի երթուղիներից մեկի վարորդն, ով դարձյալ չցանկացավ ներկայանալ և խնդրեց չնշել, թե որ համարի երթուղու վարորդն է ինքը, ասաց, որ թույլ են տվել` ինքն էլ քշում է:
«Մեքենան իմն է, վաստակածս գումարով հազիվ ընտանիքս եմ պահում ու մեքենայի միայն առաջնային հարցերն եմ որոշակիորեն կարողանում լուծել»,-ասաց նա: Վարորդները բողոքում էին բարձր հարկերից և դրանով արդարացնում մեքենաներին ժամանակին չհետևելու փաստը:
«Երթուղային տաքսիների ամենօրյա վերահսկողությունը դիսպետչերական կետերի աշխատանքն է: Իհարկե մենք էլ ենք ուզում, որ մեր տրանսպորտային միջոցները լինեն ինչպես քաղաքակիրթ երկրներում, սակայն դեռևս հնարավորություններ չկան»,-ասաց «Երևան Տրանս» ձեռնարկության տնօրեն Արման Միրիջանյանը և ավելացրեց, որ մոտ ժամանակներում բոլոր «Ռաֆ» մակնիշի երթուղային տաքսիները դուրս կգան գործածությունից: