Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը ուժեղացնում է կազմը

Սպորտ
9737cf24a929691ff0177dd7388a3b80

«ՀՀ վարչապետի գավաթ» անվանումը կրող հանդբոլի 2-րդ միջազգային մրցաշարին Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգան 9 ֆրանսահայ մարզիկներ: Այսօր կազմակերպված մամուլի ասուլիսին այդ մասին տեղեկացրեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը:

«Հելփ Հայաստան» ֆրանսիական կազմակերպությունը, որի հետ ֆեդերացիան 5 տարվա համագործակցության պայմանագիր է կնքել, հայկական հանդբոլին օգնելու նպատակով Ֆրանսիայում հայազգի հանդբոլիստներ է փնտրում եւ հավաքագրում մեր ազգային թիմի համար: Նրանցից ինն այսօր գտնվում են Հայաստանում եւ թիմի կազմում պատրաստվում են ՀՀ վարչապետի գավաթի միջազգային մրցաշարին:

Սարգիս Գրիգորյանը միաժամանակ խոստովանեց, որ հայազգի հանդբոլիստներ կան նաեւ Ռուսաստանի Դաշնությունում, սակայն այդ երկրի ներկայացուցիչներին հավաքակագրել չի հաջողվում:

Նշենք, որ ՀՀ վարչապետի գավաթի այս տարվա մրցաշարը կանցկացվի Վանաձորում` սեպտեմբերի 2-4-ը: Դրան կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Իրանի եւ Բելառուսի հավաքականները: Սեպտեմբերի 2-ին մեր թիմը կհանդիպի Բելառուսի ուժեղ ընտրանու հետ, հաջորդ օրը` Իրանի ազգային թիմի հետ, իսկ վերջին խաղում Հայաստանի ընտրանու մրցակիցը կլինի Վրաստանի հավաքականը:

Միջազգային մրցաշարի օրերին Վանաձորում կանցկացվի նաեւ Հայաստանի հանդբոլի պատանեկան առաջնության 2-րդ փուլը: Այդպիսով, մեր պատանի հանդբոլիստները դիտելով ազգային հավաքականների խաղերը, անմիջականորեն կշփվեն եւ կծանոթանան մեծ հանդբոլի հետ:

«Այս մրցաշարով մենք սկսում ենք պատրաստվել 2011 թվականի Եվրոպայի մարտահրավերի գավաթի խաղարկությանը: Այդ նպատակով կանցկացնենք մի քանի ընկերական հանդիպումներ տարբեր հավաքականների եւ ուժեղ ակումբային թիմերի հետ: 2011 թ Հայաստանն առաջին անգամ կմասնակցի նաեւ Եվրոպայի պարմանուհիների առաջնությանը», - եզրափակեց ՀՀՖ-ի նախագահը: