Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ո'չ նախնիներին ենք սպասարկել, ո'չ ներկաներին ենք սպասարկում, ո'չ էլ ապագաներին ենք սպասարկելու. Ռշտունի (տեսանյութ)

Ո՛չ նախնիներին ենք սպասարկել, ո՛չ ներկաներին ենք սպասարկում, ո՛չ էլ ապագաներին ենք սպասարկելու։ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին այսպես արձագանքեց իրենց հասցեին հնչող քննադատություններին.

«Հաճախ լսում ենք քննադատություններ, որոնք վերաբերում են օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին, որոնք, իմ կարծիքով, թույլատրելի երեւույթներ չեն։ Թույլատրելի երեւույթներ չեն հատկապես պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Ասեմ, որ այդ քննադատությունները կամ անհարիր գնահատականներն իմ գործունեության վրա չեն ազդում»,-ասում է Ռշտունին։

Անդրադառնալով լուրին, թե կա՞ իշխանահաճո որոշումներ չկայացրած դատավորների ցուցակ, որոնց վերաբերյալ գործողություններ են նախապատրաստվում և այդ դատավորների մեջ են նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ, Ռշտունին արձագանքեց, թե չի կարող ասել՝ ցուցակ կա, թե՝ ոչ.

«Այդ հարցը քննարկվել է նաեւ դատական նիստի ընթացքում, երբ օրինակ՝ դատավոր Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել այն հիմքով, որ իր հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր՝ կապված այն հարցի հետ, որ պարոն Պապոյանի կողմից ներկայացվել է հաղորդում, որ մենք, իմ ընկերական շրջապատը, որոնք դատավորներ են, մասնակցել են ՀՀ երկրորդ նախագահի՝ դատական ակտը գրելու պրոցեսին։ Դրա հետ կապված եղել են պրոցեսներ, արդեն իսկ ունենք մեր կոլեգաների կողմից բողոքարկված դատական ակտեր, որոնց արդյունքում պարզ է դառնում, որ մեր նկատմամբ եղել է որոշակի վերահսկողություն։ Վերահսկողություն ասելով նկատի ունեմ օպետատիվ-հետախուզական գործողությունները։ Այդ պրոցեսները, բնականաբար, ոչ մեկին հաճելի չեն, այդ թվում նաեւ ինձ։ Օրինակ բերեմ, որ դուք գնաք, խարդախության մասին հաղորդում տաք, բայց մտնեն ձեր տանը խուզարկություն կատարեն։ Այսինքն՝ հիմքը հանդիսացել է պարոն Պապոյանի հաղորդումը, բայց վերահսկողության տակ են վերցրել անձինք, որոնց վերաբերյալ եղել է մամուլում ինչ-որ հրապարակում»։

Ռշտունին անդրադարձավ նաեւ Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծին, համաձայն որի՝ դատավորի վարույթում գտնվող քրեական գործը ԲԴԽ-ն կարող է վերցնել եւ մակագրել այլ դատավորի, նշեց, թե ձեւավորվում է ցանկալի եւ ոչ ցանկալի դատավորների ինստիտուտ.

«Նախկինում դատարանի նախագահն ուներ մակագրության լիազորություն, դա քննադատությունների էր ենթարկվում, հիմա համակարգչի միջոցով այդ գործերը մակագրվում են, այսինքն՝ այդ ամենը լինում է պատահականության սկզբունքով։ ԲԴԽ-ն ասում է, որ այդ կարգերը հստակ կսահմանենք, բայց ստացվում է մի իրավիճակ, որ դատավորի նկատմամբ վստահության խնդիր կա, եթե ԲԴԽ-ն մի դատավորից վերցրեց որպես բարդ գործ եւ տվեց մեկ այլ դատավորի, կողմի մոտ այդ դատավորի նկատմամբ անվստահություն է առաջացնելու»,- նա։