Եվրոպական ֆուտբոլի էլիտան
Երեկ ավարտվեց նաեւ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի որակավորման փուլը, եւ հայտնի դարձան բոլոր 48 թիմերը, որոնք կշարունակեն պայքարը խմբային մրցաշարում:
Եվրոպայի լիգայի որակավորման փուլը հաղթահարեցին 37 ակումբներ, 10 թիմ տեղափոխվեցին չեմպիոնների լիգայից (որակավորման 4-րդ փուլի անհաջողակները), իսկ Մադրիդի «Ատլետիկոն» մրցաշարին մասնակցելու իրավունք ստացավ որպես անցած խաղարկության հաղթող:
Այդպիսով, 2010-11 թթ մրցաշրջանում մեծ ֆուտբոլի հետ անմիջականորեն կշփվեն Եվրոպայի 28 երկրների երկրպագուները, այսինքն, այդ երկրների ակումբները առաջիկա 4 ամիսներին կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարերին:
Դրանք են Անգլիան (4 թիմ ՉԼ-ում, 2` ԵԼ-ում), Իսպանիան (3+4), Իտալիան (3+4), Գերմանիան (3+3), Ֆրանսիան (3+2), Հոլանդիան (2+3), Պորտուգալիան (2+2), Ռուսաստանը (2+2), Ուկրաինան (1+3), Հունաստանը (1+3), Շվեյցարիան (1+2), Ռումինիան (1+1), Թուրքիան (1+1), Դանիան (1+1), Շոտլանդիան (1+0), Իսրայելը (1+0), Սերբիան (1+0), Սլովակիան (1+0), Բելգիան (0+3), Բուլղարիան (0+2), Ավստրիան (0+2), Խորվաթիան (0+2), Նորվեգիան (0+1), Չեխիան (0+1), Բելառուսը (0+1), Լեհաստանը (0+1), Մոլդովան (0+1), Հունգարիան (0+1):
Նշենք, որ չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը կմեկնարկի սեպտեմբերի 14-ին, իսկ կավարտվի 2011 թ մայիսի 28-ին, Լոնդոնում: Եվրոպայի լիգան կսկսի սեպտեմբերի 16-ին, իսկ եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին, Դուբլինում:
Հայաստանի ֆուտբոլասերներին առաջին հերթին կհետաքրքրի Ուկրաինայի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորի» ելույթները չեմպիոնների լիգայում, քանի որ Դոնեցկի «Մետալուրգում» հանդես եկող մեր հարձակվող Հենրիխ Մխիթարյանը օգոստոսի 30-ից կդառնա «հանքափոր ֆուտբոլիստ»: