Թուրքերի բախտը կբերի
Օգոստոսի 28-ից մինչեւ սեպտեմբերի 12-ը կայանալիք բասկետբոլի աշխարհի տղամարդկանց առաջնությունն ըստ նախնական հաշվարկների Թուրքիայի տնտեսությանը կբերի 160 մլն եվրո շահույթ: Այդ մասին տեղեկացնում է իսպանական EFE գործակալությունը:
Առաջնությունների օրերին Թուրքիա են ժամանելու մոտ 100 հազար արտասահմանցի երկրպագուներ: Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի եւ Կայսերիի բոլոր հյուրանոցները արդեն զբաղեցված են, որի արդյունքում Թուրքիայի բյուջեն կհարստանա 44 մլն եվրոյով (միայն ԱՄՆ-ի հավաքականը այդ նպատակներով կծախսի 1 մլն եվրո):
Ինչպես տեղեկացնում են առաջնության կազմակերպիչները, արդեն վաճառվել է տոմսերի 80 տոկոսը: Turkcell ընկերության հաշվարկներով, որը մրցաշարի գլխավոր հովանավորն է, բասկետբոլի յուրաքանչյուր երկրպագուն առաջնության ժամանակ միջինը կծախսի 400 եվրո, իսկ դա իր հերթին կբերի 15 մլն շահույթ:
Սակայն հարկ է նշել, որ Թուրքիայի կառավարությունը 95 մլն եվրոյի ներդրում է կատարել աշխարհի առաջնության վրա, որից 80 մլն ծախսել է մարզադահլիճների վերակառուցման համար:
Հիշեցնենք, որ այս տարի Երեւանում անցկացվեց բասկետբոլի Եվրոպայի կանանց առաջնության ցածր խմբերից մեկի մրցաշարը, որը, բնականաբար, չէր կարող մեծ շահույթ բերել Հայաստանի տնտեսությանը: