Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իբրահիմովիչը վերջապես անկեղծացավ

Սպորտ
4f0ecc0a698baba32148e359aa368699

Իսպանական «Բարսելոնայի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ համարյա չի շփվում թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ: «Վերջին 6 ամսվա ընթացքում մենք միայն երկու անգամ ենք զրուցել: Չգիտեմ, թե որն է պատճառը, եւ չեմ էլ ցանկանում պարզել այն», - իտալական «Միլանի» հետ ընկերական խաղից հետո հայտարարել է Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստը:

Իբրահիմովիչը նշել է, որ ոչ մի խնդիր չունի գլխավոր մարզչի եւ խաղընկերների հետ: Սակայն «Միլանի» հետ խաղից հետո Իբրահիմովիչն իր խաղընկերների հետ չի նշել թիմի հաղթանակը:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան այդ կապակցությամբ ասել է, որ հանդերձարանի դռները բաց են բոլոր խաղացողների առջեւ: «Եթե մեկը բացակայում է հանդերձարանում, ուրեմը պատճառ կա դրա համար: Ես կփորձեմ երրորդ անգամ խոսել նրա հետ եւ լուծել խնդիրը»:

Զլատան Իբրահիմովիչին ցանկանում է ձեռք բերել հենց իտալական «Միլանը», որն այժմ բանակցություններ է վարում «Բարսելոնայի» ղեկավարության հետ: Սակայն այդ լուրը զայրացրել է իտալական «Յուվենթուսի» եւ «Ինտերի» երկրպագուներին:

Առաջինները Իբրահիմովիչին դավաճան են համարում, քանի որ նա «Յուվենթուսից» հեռացել էր այն ժամանակ, երբ թիմը ծանր կացության մեջ էր հայտնվել: «Ինտերի» երկրպագուները չեն խրախուսում այդ տեղափոխությունն այն բանի համար, որ նա ժամանակին խաղացել է այդ թիմում, իսկ ինչպես հայտնի է, «Ինտերի» եւ «Միլանի» երկրպագուները ոխերիմ թշնամիներ են համարվում, ուստի նրանք չեն ցանկանում իրենց սիրած ֆուտբոլիստներին տեսնել հակառակորդի մարզաշապիկով: