Վերջին հինգ երջանիկները
Մադրիդի «Ռեալին» լուրջ մրցակիցներ են սպասվում ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում:
Երեկ ավատվեց ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման փուլը: Խմբային մրցաշարի վերջին հինգ ուղեգրերը նվաճեցին Անգլիայի «Տոտենհեմը», Հոլանդիայի «Այաքսը», Ֆրանսիայի «Օսերը», Սլովակիայի «Ժիլինան» եւ Դանիայի «Կոպենհագենը»:
Անգլիացիները պատասխան խաղում լիովին ռեւանշի հասան շվեյցարական «Յանգ Բոյզի» նկատմամբ` հաղթելով 4:0 խոշոր հաշվով (առաջին հանդիպումը` 2:3): Դա հաջողվեց նաեւ «Օսերին» ու «Կոպենհագենին», որոնք առաջին խաղում կրած պարտությունից հետո կարողացան առավելության հասնել համապատասխանաբար Ռուսաստանի «Զենիթի» (2:0, 0:1) եւ Նորվեգիայի «Ռուսենբորգի» (1:0, 1:2) նկատմամբ եւ մտնել հաջորդ փուլ:
Ամստերդամի «Այաքսը» իր հարկի տակ հաղթեց Կիեւի «Դինամոյին»` 2:1, եւ ընդհանուր հաշիվը դարձրեց 3:2: Սլովակիայի չեմպիոնը երկրորդ անգամ պարտության մատնեց հարեւան Չեխիայի չեմպիոն «Սպարտային» (1:0, 2:0) եւ առաջին անգամ կմասնակցի խմբային մրցաշարին:
Վիճակահանությունը տեղի կունենա օգոստոսի 26-ին, Մոնակոյում: Ուշագրավն այն է, որ Մադրիդի «Ռեալը» ընդգրկվել է երկրորդ զամբյուղում, ինչը նշանակում է, որ իսպանացիներին նվազագույնը բաժին կհասնեն երկու լուրջ մրցակիցներ: