Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

2 մլրդ դրամ՝ 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի 3-րդ փուլի իրականացման համար (տեսանյութ)


Այգեհիմնում կատարող շահառուների համար կմեղմվի գրավի պահանջը

Գործադիրը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝  ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագրի շրջանակում առանց կարկտապաշտպան ցանցի այգեհիմնում կատարելու համար վարկավորված շահառուներին կարկտապաշտպան ցանցի անցկացման հնարավորություն ընձեռնելու նպատակով: Հիմնավորման համաձայն, միայն 2020 թ. ծրագրի շրջանակում տրամադրվել է 46 միավոր վարկ՝ շուրջ 5․4 մլրդ դրամ գումարով՝ 494․ 4 հա այգու հիմնման համար։ Սուբսիդավորման գումարը կազմել է 187․3 մլն դրամ: Փոխհատուցման բաղադրիչով տրամադրվել է թվով 7 փոխհատուցում՝ 104․7 մլն դրամի չափով՝ 24․2 հա այգու հիմնման համար։ Ծրագրի իրականացման գործընթացում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ՝ պայմանավորված այգեհիմնման համար պահանջվող գումարի մեծության, կարկտապաշտպան ցանցով այգեհիմնում կատարելու դեպքում պահանջվող գրավի չափի և շահառուների մոտ դրա ապահովման միջոցների բացակայության հետ։ Մասնավորապես՝ գրավի միջոցի բացակայությամբ պայմանավորված տնտեսավարողները վարկերը ձեռք են բերում առանց կարկտապաշտպան ցանցի ներդրման բաղադրիչի։ Տվյալ դեպքում տնտեսավարողի համար այգեհիմնման գործընթացը մնում է անավարտ, քանի որ բնակլիմայական աղետներից այգին պաշտպանելու նպատակով հնարավորություն չի ունենում ներդնել կարկտապաշտպան ցանց։  Ըստ այդմ, առաջարկվում է  կարկտապաշտպան ցանցի այգեհիմնում կատարելու համար վարկավորված շահառուներին հնարավորություն ընձեռել՝ շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում դիմել ֆինանսական կառույցին և նույն ծրագրի շրջանակում վարկավորվել՝ կարկտապաշտպան ցանցի անցկացման համար։ Տվյալ դեպքում կարկտապաշտպան ցանցի անցկացման համար լրացուցիչ վարկավորումը ֆինանսական կառույցի կողմից իրականացվում է շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագրի, ծրագրով սահմանված սահմանաչափերի շրջանակում՝ վարկի գումարի վերահաշվարկ կատարելու միջոցով։ Նշված կարգավորումը հնարավորություն կտա այգեհիմնում կատարող շահառուների համար մեղմել գրավի պահանջի խնդիրը: Մասնավորապես, այն շահառուները որոնք ցանկանում են այգեհիմնում կատարել կարկտապաշտպան ցանցով, ինչը նախատեսված է ծրագրով, սակայն համապատասխան գրավի անբավարար լինելու պատճառով վարկ են վերցրել առանց կարկտապաշտպան ցանցի այգեհիմնում կատարելու համար, այգեհիմնումից հետո հնարավորություն կունենան մեկ տարվա ընթացքում, նույն ծրագրի շրջանակում հիմնված այգին գրավադրել և լրացուցիչ վարկավորվել կարկտապաշտպան ցանց անցկացնելու համար։

 

Կառավարության նմեկ այլ որոշմամբ  «Էրեբունի քընեքթ» ՓԲԸ-ն կներառվի  «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: 2021-2025 թթ.-ին ընկերության կողմից իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 118,820,000 դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 9 նոր աշխատատեղ` շուրջ 250,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: 



Կառավարությունը գումար է հատկացրել ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով

 

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի Սյունիքի մարզպետարանին: Որոշման ընդուման անհրաժեշտությունը պայմանավորված է Վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից ՀՀ Սյունիքի մարզում բացահայտված խնդիրների օպերատիվ արձագանքման, ինչպես նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցություն տրամադրման նպատակով: Հիմնավորման համաձայն՝  Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերված պատերազմական գործողությունների հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ։ Մարզի համայնքներում առկա են մի շարք սոցիալական և հրատապ խնդիրներ, որոնք ունեն առաջնահերթ լուծման կարիք։ Ըստ այդմ՝ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին կհատկացվի 500,000 հազ. դրամ գումար՝ մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, ինչպես նաև բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր իրականացնելու համար: 

 

Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով  գործադիրը  մեկ այլ որոշմամբ 1,200 մլն դրամ կհատկացվի  Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին: Վերոնշյալ 9 մարզերում կիրականացվեն  բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն և հրատապ ծրագրեր: 

 

Այլ որոշումներ. 2 մլրդ դրամ՝ 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի 3-րդ փուլի իրականացման համար



Գործադիրը պետբյուջեից շուրջ 2 մլրդ դրամ կուղղվի 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակապահովման ծրագրի 3-րդ փուլի իրականացման համար: Ծրագրով Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին կտրամադրվեն բնակարանների գնման վկայագրեր։ Նախատեսվում է լուծել  Շենգավիթում բնակվող 168 հավակնորդ շահառու ընտանիքի բնակարանային խնդիրը և ավարտին հասցնել Երևան քաղաքում առաջնահերթ ծրագրի իրականացումը: Հիմնավորման համաձայն՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած,  ժամանակավոր կացարաններում բնակվող անձանց մշտական բնակարանով ապահովման ծրագիրըիրականացվում է փուլային եղանակով՝ հաշվի առնելով ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարումը: Ծրագրի  առաջին փուլն  ուղղված է լուծելու Երևան քաղաքի Աջափնյակ, Նորք Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Ավան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ժամանակավոր կացարաններում բնակվող Ադրբեջանից բռնագաղթած  ընտանիքների  բնակարաններով ապահովման խնդիրը։ Ընթացքի մեջ  է ծրագրի երկրորդ փուլը, որով  բնակարանների գնման վկայագրեր են  տրամադրվում  Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում բնակվող  շահառուներին։ Ծրագրի երկու փուլերի շրջանակում ընդհանուր առմամբ հատկացվել է 183 բնակարանի գնման վկայագրեր, որոնցից 44 տոկոսն (81 վկայագիր) իրացված է, իսկ մնացածը գտնվում են իրացման փուլում:

 

Կառավարության համապատասխան որոշմամբ գումար կհատկացվի Պաշտպանության նախարարությանը՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Հայկ  Զաքարյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով: