Բացել լրահոսը Փակել լրահոսը
179030296_4325485037485938_7618391508823922719_n (2)
A A
Պաշտոնական

Արցախում յոթ օրվա ընթացքում կենցաղային բնույթի 38 կանչ է գրանցվել

2021 թվականի ապրիլի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 1007 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ անցած շաբաթվա ընթացքում զանգերի թիվն ավելացել է 3-ով:

Զենք-զինամթերքի հայտնաբերման մասով ստացված կանչերը՝ շարունակում է մնալ օրախնդիր:

Շաբաթվա ընթացքում, հիմնականում Մարտունու և Մարտակերտի շրջաններից քաղաքացիների կողմից ստացվել է 33 կանչ: Սակրավորները բնակավայրերից, տնամերձ հողամասերից պայթուցիկ նյութերն ու այլ զինատեսակներ՝ տեղափոխել են անվտանգ վայր:

Անցած շաբաթ ԱԻՊԾ սակրավորները, ՌԴ ԱԻՆ գործընկերների, ինչպես նաև «The halo trust» ականազերծող կազմակերպության և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի հետ մեկտեղ Արցախի տարածքից հայտնաբերել և վնասազերծել են 113 հատ հրթիռակասետային և ավիացիոն 1 ռումբ, 31 հատ թնդանոթի արկ, 5 պայթուցիչ, հակատանկային 1 ական, զենիթահրթիռային 1 արկ և ձեռքի 7 հատ նռնակ: Մարտակերտում ընդունվել է գյուղատնտեսական նշանակության 60 հա մակրոտարածք:

Հրդեհի մասին արձանագրվել է 7 կանչ, որից մեկը բնակելի շինությունում, մյուսները՝ բռնկվել են չոր խոտատարածքներում և աղբակույտերում: Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարարները մեկուսացրել են կրակը. ոչ ոք չի տուժել: Հրդեհի մասին մեկ ահազանգ կեղծ է եղել:

Ապրիլի 20-ին ուժեղ քամու հետևանքով խնդիրներ են առաջացել Ստեփանակերտում: Գրանցվել է 2 կանչ: Բնակելի տան տանիքից և ավտոտնակից թիթեղներ են պոկվել ու կախվել: Փրկարարները ժամանակին մեկնել են դեպքի վայր և կանխել սպասվող վտանգը:

Արտակարգ մեկ դեպք է գրանցվել Շուշիի շրջանի Լիսագոր գյուղում: Շունը հարձակվել է բնակչի վրա: ԱԻՊԾ Լիսագորի տեղամասային փրկարարները քաղաքացուն առաջին օգնություն ցուցաբերելուց հետո, տեղափոխել են բուժհաստատություն: Վիճակը կայուն է:

911 ահազանգման կենտրոնում յոթ օրվա ընթացքում կենցաղային բնույթի 38 կանչ է գրանցվել, որից 5-ը՝ վերելակի, 6-ը՝ դռան բացման համար: Փրկարարները բոլորին տեխնիկական օգնություն են ցուցաբերել: Խմելու ջուր է մատակարարվել Ասկերանի շրջանի 3 համայնքի բնակիչների:

Անցած շաբաթվա ընթացքում ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարար ջոկատները զոհված զինծառայողների աճյունների որոնման և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհամանման նպատակով կատարել են 4 ելք:

Զինադադարից հետո հայտնաբերվել է 1551 աճյուն: