Ցեղասպանության անպատժելիությունը ոգեշնչում է միջազգային նոր հանցանքների ծրագրողներին. Արա Այվազյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո նշեց՝ կարևորում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության տեղանկյունից, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար:
Նա շեշտեց, որ Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ևս ոգեշնչում է միջազգային նոր հանցանքների ծրագրողներին:
Այվազյանն ընդգծեց, որ Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած վերջին պատերազմը և դրա ընթացքում թուրք-ադրբեջանական դաշինքի ցեղասպան գործողություններն ի ցույց դրեցին, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևոր է ոչ միայն պատմական արդարության և ճշմարտության, այլև հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար:
«Այսօր հայ ժողովուրդը Հայաստանում, Արցախում և սփյուռքում ցույց է տալիս արդարության և ճշմարտության համար պայքարելու իր տոկոնությունը: Այդ պայքարը վերահաստատում է, որ ոչ բիրտ ուժը, ոչ ժխտողական շահարկումները և տարածաշրջանում հայ ժողովրդի հանդեպ թշնամական գործողություններն ի զորու չեն խզել մեր և մեր նախնիների կապը, զրկել մեզ հիշողությունից, արժանապատվությունից և իրավունքներից: Ինչպես 106 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովուրդը պայքարում է պատմական արդարության հաստատման, պատմական իր հայրենիքում արժանապատիվ և անվտանգ ապրելու համար»,- ասաց Այվազյանը:
Նախարարը նշեց, որ այս ապրիլի 24-ը լրիվ այլ հնչեղություն է հաղորդել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Նա ասաց, որ այսօր հայ ազգի հետ 106-րդ տարելիցը ոգեկոչում են և իրենց աներկբա զորակցությունն են հայտնում բազմաթիվ գործընկերներ՝ թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր երկրներում ՝ հաստատելով և վերահաստատելով իրենց սկզբունքային դիրքորոշումը ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման գործում:
«Այդ զորակցությունը մեզ առավել պարտավորեցնում է միջազգային ասպարեզում բազմապատկել մեր ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման, էթնիկ և կրոնական փոքրամասնությունների պաշտպանության, օրակարգի առաջմղման ուղղությամբ»,- ասաց Արա Այվազյանը: