Բացել լրահոսը Փակել լրահոսը
177016445_4276099472420747_5206532423207188415_n
A A
Պաշտոնական

«Սյունիքի իրադարձությունները մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը»

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒՅԹՈՒՆ 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Նախօրեին Սյունիքի տարբեր քաղաքներում հայտնի ուժերի և անհատների կազմակերպված սադրանքը ուղղված էր Հայաստանի պետականության, երկրի ներքին և արտաքին մարտահրավերները անցնցում և միասնաբար հաղթահարելու օրինական միջոցների, սահմանափակ հնարավորությունների և մեր քաղաքակրթական տեսակի դեմ։ Խուլիգանական հարձակումների կազմակերպիչների իրական նպատակը երկրում քաոսի և վախի մթնոլորտի ձևավորումն է։
 
Նախընտրական այս շրջանում անկառավարելիության, վախի և քաոսի զգացման սերմանումը մի նպատակ ունի՝ հնարավորինս կանխորոշել սպասվող համապետական ընտրությունների ելքը ու հիմքեր ստեղծել ձևախեղելու քաղաքացու քվեն։ Հայտնի շրջանակների կողմից հակաօրինական ու հակասահմանադրական տարբեր միջոցներով իշխանությունը զավթելու փորձերի տապալումից հետո՝ նրանք ստիպված են դիմել նման քայլերի՝ այս անգամ էլ արտահերթ ընտրությունները որպես իրենց հակապետական գործունեության միջոց օգտագործելու համար։
Հանուն Հանրապետության կուսակցությունը խստորեն դատապարտում է նախօրեին Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը ու պահանջում խստագույն պատժի ենթարկել ոչ միայն Հայաստանի տարբեր բնակավայրերից այս միջադեպերը հրահրելու և դրանց մասնակցելու համար Սյունիք բերված անձանց, այլև դրանց իրական կազմակերպիչներին, ԱԱԾ և ոստիկանության մարզային և քաղաքային ստորաբաժանումների պատասխանատուներին, որոնց ներկայությամբ տեղի էին ունենում այդ քստմնելի իրադարձությունները:
 
Սյունիքի իրադարձությունները մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը։ Դրանց նպատակը մինչև արտահերթ ընտրություններ ընկած ողջ ժամանակահատվածը երկրում ներհասարակական ցնցումների միջոցով իրական՝ ծրագրային քաղաքական պայքարից շեղելն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով երկրում քաղաքական միջավայրի առողջացում թույլ չտալն է։
Երկրի իշխանությունները պարտավոր են տեղի ունեցածից հետո համապատասխան տեսանելի և առարկայական միջոցներ ձեռնարկել, այլապես ազատ և արդար արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և երկրի առջև ներքին և արտաքին մարտահրավերներին քաղաքական լուծումներ գտնելու հեռանկարը լրջորեն վտանգված է՝ դրանից բխող անդառնալի հետևանքներով:
 
Հանուն Հանրապետության կուսակցություն
Ղեկավար մարմին