Բացել լրահոսը Փակել լրահոսը
176729225_208428914076955_9200304694316531921_n
A A
Պաշտոնական

Մեկնարկել է «Անվտանգությունը ձեր գործողություններում է» ճանապարհային անվտանգության առաջին ազգային արշավը

«Անվտանգությունը ձեր գործողություններում է» ազգային արշավը նպատակ ունի նվազեցնելու խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը Հայաստանի ճանապարհներին

  • Հայաստանը և #TeamEurope-ը սկսում են «Անվտանգությունը ձեր ձեռքերում է» ճանապարհային անվտանգության ազգային արշավ՝ Հայաստանի ճանապարհներին զոհերի և լուրջ վնասվածքների թվի նվազեցման նպատակով:
  • Քարոզարշավի նպատակն է փոխել Հայաստանում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարների աճի միտումը` դրանով իսկ փրկելով կյանքեր:
  • Արշավը «Հայաստանում ճանապարհային անվտանգության բարելավում» ծրագրի բաղկացուցիչ մասն է‚ և այն ավելացնում է ճանապարհների բարելավման միջոցառումները՝ նոր հետիոտնային անցումներ, ճանապարհային գծանշումներ և ճանապարհային նշաններ:

 

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մեկնարկել է «Անվտանգությունը ձեր գործողություններում է» ազգային հաղորդակցման արշավը՝ ճանապարհային վթարները նվազեցնելու, անվտանգության բարձրացման և Հայաստանի ճանապարհներին մարդկային կյանքեր փրկելու նպատակով։ Արշավն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) տեխնիկական և ֆինանսական աջակցության միջոցով:

Եռամսյա համապետական ​​արշավը նպատակ ունի կանխել երկրում խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարների աճը: Ըստ Հայաստանի ճանապարհային ոստիկանության տվյալների, վերջին 10 տարիներին Հայաստանում  ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվն աճել է. եթե 2010 թվականին այդ թիվը 294 էր‚ ապա 2020 թվականին այն հասել է 348-ի:

Արշավը «Հայաստանում ճանապարհային անվտանգության բարելավում» ծրագրի բաղկացուցիչ մասն է, որի նպատակն է հանրապետության երթևեկության կարգավորումը, ենթակառուցվածքների բարելավումը հետիոտնային նոր անցումներով, ճանապարհային գծանշումներով և ճանապարհային նշաններով: Այս միջոցառումները համահունչ են Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) հետ, որն ամբողջությամբ ուժի մեջ է մտել 2021 թվականի մարտի 1-ից։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն իր խոսքում նշեց հետևյալը«Մեր խնդիրն է կանխել ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքները, նվազեցնել ռիսկերը՝ պաշտպանելով երթևեկության մասնակիցներին ճանապարհատրանսպորտային պատահարներից։ Այդ ուղղությամբ ձեռնարկվում են մի շարք միջոցառումներ՝ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավում, տեղեկատվական արշավներ և այլն։ ՀՀ կառավարությունը վերանայում է իր ճանապարհային անվտանգության քաղաքականությունը՝ կենտրոնանալով մահերի և լուրջ վնասվածքների 

կանխարգելման վրա. մասնավորապես‚ «Տեսլական զրո» (Vision Zero) և «Անվտանգ համակարգային մոտեցում» (Safe System Approach) ճանապարհային անվտանգության նոր ռազմավարությունը 2021-2040թթ. համար կընդունվի մոտ ապագայում։ Ճանապարհային անվտանգության բարելավման նպատակին է միտված նաև Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը, որը‚ համոզված եմ, մեծապես կնպաստի Հայաստանում ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացմանը»։

ՀՀ-ում ԵՄ դեսպան, պատվիրակության ղեկավար Ն.Գ. Անդրեա Վիկտորինն ասաց. «Ներկայում ճանապարհների անվտանգության չափանիշների անբավարար կիրառման պատճառով Հայաստանի ճանապարհներին չափազանց շատ մարդկային կորուստներ են արձանագրվում: Արշավը վերաբերում է այս իրավիճակին, և դրա հիմնական նպատակն է պաշտպանել Հայաստանի քաղաքացիների կյանքն ու առողջությունը: Մեր հիմնական նպատակն է Հայաստանի ճանապարհային անվտանգության ոլորտում ներդնել ԵՄ ճանապարհային անվտանգության ստանդարտները՝ Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին համահունչ»։

Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ տիկին Լիլյանա Պավլովան, ով ԵՆԲ-ի ճանապարհային հերոսն է, ճանապարհային անվտանգության ազգային արշավի մեկնարկի կապակցությամբ իր ուղերձում ասաց. «Եվրոպական ներդրումային բանկի համար առաջնահերթ խնդիր է ներդրումներ կատարել առավել անվտանգ ճանապարհներ կառուցելու համար: Բայց անվտանգ ճանապարհներ կառուցելը բավարար չէ: Յուրաքանչյուր ավտովթարի դեպքում, երբ ինչ-որ մեկը մահանում կամ ծանր վիրավորվում է‚ ողբերգություն է: Իսկ Հայաստանում այդ ողբերգությունների թիվը տարեցտարի ավելանում է: Հետևաբար մենք պետք է կրթենք և համոզենք մարդկանց փոխել իրենց վերաբերմունքն ու վարքը երթևեկելիս»:

ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան եզրափակեց՝ նշելով հետևյալը. «Եվրոպական ներդրումային բանկը պարտավորվում է աջակցել Եվրամիության Արևելյան հարևանության բնակիչներին: Ճանապարհային անվտանգության այս նախագիծը հիանալի օրինակ է, թե ինչպես համատեղ աշխատելով` կկարողանանք փոփոխություն մտցնել մարդկանց կյանքում»:


Արշավը կնպաստի ճանապարհներին վարորդների և հետիոտնի պատասխանատու վարքագծի ձևավորմանը, երթևեկության կանոնների նկատմամբ հարգանքին և ազդանշանային համակարգի բարելավմանը՝ որպես կյանքեր փրկելու և խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը նվազեցնելու ամենաարդյունավետ միջոց:

«Անվտանգությունը ձեր գործողություններում է» արշավը նաև կիրականացնի ճանապարհային անվտանգության ժամ Հայաստանի բոլոր դպրոցներում, կօգտագործի հեռուստաեթերը, սոցիալական մեդիան, ռադիոն և արտաքին հաղորդակցության միջոցները, ինչպես նաև հեռուստալրատվական հաղորդումները: Կիրականացվի նաև ճանապարհային անվտանգության կրթությանը խթանող առցանց վեբինար, որը նման ձևաչափով Հայաստանում կիրառվում է առաջին անգամ: