Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հյուրընկալվել է Արցախի մայր բուհում

Ապրիլի 20-ին ԱՀ ԱԺ Արթուր Թովմասյանն  ԱրՊՀ-ում հանդիպել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով խորհրդարանի նախագահին, նշել է, որ գիտխորհրդի  որոշմամբ համալսարանում մեկնարկել է «Արցախ. ներկան և ապագան» ծրագիրը,որի շրջանակներում  առաջին հյուրն  ԱԺ նախագահն է:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են 2020թ. աշնանային արյունոտ պատերազմում զոհված  ԱրՊՀ 23 նահատակների  հիշատակը:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար ու, կարևորելով նման ձևաչափով հանդիպումները, ներկայացրել  7-րդ գումարման ԱԺ  մինչպատերազմական  և հետպատերազմյան գործունեությունը, մասնավորապես՝ անդրադարձել  է ԱԺ-ում ժամանակածին  օրինագծերի ընդունմանը: 

Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Արցախի մայր բուհի գիտակրթական գործունեությունը, ԱԺ և ԱրՊՀ համագործակցությունը, մասնավորապես  ողջունել է համալսարանականների արձագանքը «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ: 

Հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով: Արցախի հետագա կարգավիճակին, հայ գերիների ճակատագրին, երկրի  անվտանգությանը և տարածքային ամբողջականությանը, առկա մարտահրավերներին դիմակայելուն,  նախկին և ներկա բռնի տեղահանվածների բնակարանային խնդիրներին  էին վերաբերում համալսարանականների հարցադրումները:

«Արցախը պետք է լինի անվտանգ, կարգավիճակի հարցը և բանակցային գործընթացի վերսկսումը  հրատապ է: Առանց կարգավիճակի Արցախը գոյություն  ունենալ չի կարող:Ադրբեջանից անջատումը կլինի մեր միակ փրկությունը:Միաբանությամբ անպայման կհասնենք հաջողությունների»,- իր խոսքում շեշտել է ԱԺ նախագահը:

ԱԺ նախագահը պարգևատրվել է ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով:

Հանդիպումն անցել է անմիջական և ջերմ մթոլորտում:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին