Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Հրդեհից հետո տան 4 պատն է մնացել, անչափահաս երեխաները՝ դրսում

Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում ապրիլի 7-ի  հրդեհի հետևանքով Ժամհարյանների ընտանիքը դրսում է մնացել 4 անչափահաս երեխաների հետ։ Երեխաներից փոքրը 10 ամսական է, մեծը՝ 7 տարեկան։

«Ա1+»-ին տանտեր Էդգար Ժամհարյանը հայտնեց, որ հրդեհը 14։00-ի սահմաններում է եղել, ինքն այժմ Ռուսաստանում է՝ արտագնա աշխատանքի, երեխաներին ու կնոջը այրվող տունը լքել օգնել են հարևանները։ Նրա խոսքով՝ տան անդամները հազիվ են հասցրել լքել շինությունը։

Հրդեհից հետո, ինչպես նշեց Էդգարը, ոստիկանները, քննիչը կազմել են բոլոր արձանագրությունները, համապատասխան փաստաթղթերն ու ինքն ուղարկել է Երանոսի համայնքապետարան ու Գեղարքունիքի մարզի մարզպետարան՝ հուսալով որևէ օգնություն ստանալ․

«Հիմա երեխաներս ու կինս ապրում են աներոջս տանը, բայց ինչքա՞ն կարող են մնալ։ Իմ տնից միայն 4 պատն է մնացել, ամեն ինչ այրվել է, անգամ շորի կտոր չի մնացել, որ երեխայի շորերը փոխեն։ Տունը կարող ենք նորից վերանորոգել, կառուցել, բայց ես մեկ աշխատող եմ, ո՞նց հասցնեմ 4 երեխա պահել, տունը սարքել։ Ուզում եմ, որ գոնե գյուղապետարանը կամ մարզպետարանն ինչ-որ բանով օգնեն, ես էլ ավելացնեմ, սարքեմ տունը», - ասաց Էդգար Ժամհարյանը։

Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ հրդեհը էլեկտրականության պատճառով է եղել, սակայն ամեն ինչ մանրամասն փաստաթղթերում է գրված, որոնք նաև գյուղապետարան և մարզպետարան են ուղարկվել։

Երանոս համայնքի համայնքապետ Սաշա Բավեյանը հայտնեց, որ ֆինանսական որոշակի օգնություն ընտանիքին տրամադրվել է իրենց ունեցած հնարավորությունների չափով, համագյուղացիներն էլ անմասն չեն մնացել օգնելուց։ Համայնքապետարանն ամեն ինչով ընտանիքին պատրաստ է օգնել և պարբերաբար կապի մեջ է նրանց հետ։

Էդգարը նշեց, որ ֆինանսական օգնություն ստացել են, բայց շատ քիչ, որով հնարավոր է նախնական որոշակի կենցաղային ծախսեր հոգալ, սակայն նա մի փոքր ավելի մեծ օգնության է սպասում՝ գոնե 4 պատին տանիք ավելացնելու, ցեմենտ ու գույք գնելու համար։