Բացել լրահոսը Փակել լրահոսը
176173849_1832600240235841_4871645936745339807_n
A A
Պաշտոնական

Կամավորագրված ապագա օրթոպեդ-վնասվածքաբանը, օր ու գիշեր աշխատելով, տեսել և սովորել է այն, ինչ հնարավոր չէր պատկերացնել

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Պատերազմի ընթացքում ԵՊԲՀ սովորողների ներգրավվածությունը հայրենիքի պաշտպաններին բուժօգնություն ցույց տալու գործին ևս մեկ անգամ վերահաստատում է, որ բժիշկը կոչված է բուժել ու փրկել կյանքեր ինչպես խաղաղ պայմաններում, այնպես էլ պատերազմի ժամանակ: Նրանցից շատերը կամավորագրվել են պատերազմի առաջին օրը` գիտակցելով՝ ուր են գնում, ինչ նպատակով: Վնասվածքաբանության և օրթոպեդիայի 2-րդ կուրսի կլինիկական օրդինատոր Գարիկ Բալայանն Արցախի դեմ սկսած պատերազմի մասին լուրն իմանալուն պես` առանց երկմտելու, կամավորագրվել է և սեպտեմբերի 27-ին մի խումբ բժիշկների հետ տեղափոխվել Գորիսի բժշկական կենտրոն: Քանի որ Գորիսի հիվանդանոցն արդեն համալրված էր մասնագետներով, նրանց առաջարկում են միանալ շտապօգնության թիմին և տեղափոխվել Հանրապետական բժշկական կենտրոն: «Ամենադժվարը պատերազմի առաջին օրերն էին. միաժամանակ 60-ից 70 վիրավոր էին տեղափոխում, որոնց ըստ անհրաժեշտության ուղարկում էինք համապատասխան բաժանմունքներ: Նրանք այնպիսի վնասվածքներ ունեին, ինչպիսիք մենք նախկինում չէինք տեսել: Դրանք հիմնականում՝ բեկորային, բազմաբեկորային, ցածր արագություն ունեցող տրավմաներ էին: Փամփուշտային վիրավորում, գրեթե, չենք հանդիպել»,- նշում է ապագա օրթոպեդ-վնասվածքաբանը` ավելացնելով, որ ամենածանր օրը Շուշի քաղաքի ռմբակոծության օրն էր, երբ հիվանդանոցը միաժամանակ ընդունել է 200-ից 300 վիրավոր: «Կատարում էինք ցանկացած հնարավոր գործ, որը կարող էր նպաստել աշխատանքի արագ և արդյունավետ կազմակերպմանը»,-հավելում է օրդինատորը: Մասնագիտական կայացման ճանապարհին կանգնած սովորողը պատերազմի օրերին գտնվել է մի միջավայրում, որտեղ ականատես է եղել այնպիսի վնասվածքների և վիրավորումների, որոնց այլ պայմաններում դժվար թե երբևէ հանդիպեր: «Առանձնահատկությունն այն էր, որ բժիշկների աշխատանքը ոչ թե անհատական էր, այլ ցանկացած իրավիճակներում պահանջվում էր թիմային աշխատանք՝ տարբեր մասնագետների ներգրավվածությամբ»,-փաստում է կամավորագրված սովորողը` ընդգծելով` չնայած գերլարված աշխատանքին` անհրաժեշտություն էր առաջանում կարդալ մասնագիտական գրականություն՝ սխալներից ու բացթողումներից խուսափելու համար: «Ինչպես ասվում է՝ պատերազմում արագ են սովորում: Ցանկացած բան, ինչը չգիտեինք և հնարավոր չէր պատկերացնել, սովորեցինք օր ու գիշեր՝ 24 ժամ, աշխատելու արդյունքում»,-ավելացնում է նա:

Գարիկ Բալայանն ընտրել է բժշկի մասնագիտությունը` հետևելով ծնողների օրինակին: Թեպետ երազում էր ստոմատոլոգ դառնալու մասին, սակայն ընդունվելով Ընդհանուր բժշկության ֆակուլտետ` փոխել է որոշումը՝ հետագայում ընտրելով այնպիսի մասնագիտացում, որն օգնում է հիվանդին արագ ոտքի կանգնել:
Ապագա վնասվածքաբան-օրթոպեդին պատերազմի օրերին ամենից շատ տպավորել են 18-20 տարեկան զինվորները, որոնք, չնայած տարբեր աստիճանի ծանր վիրավորումներին, առանձնացել են խիզախությամբ: «Ես համոզվեցի, որ սահմանին կանգնած զինվորն ամեն ինչի պատրաստ է հանուն հայրենիքի»,-եզրափակում է կամավորագրված ԵՊԲՀ սովորողը»: