Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_6185
A A
Պաշտոնական

Ահռելի ժառանգություն թողնված է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում․ փորձում ենք հրատապ արձագանքել բոլոր մարտահրավերներին․ Ա․ Խզմալյան

Ապրիլի 18-ին միջազգային և մասնագիտական հանրությունը տոնում է Հուշարձանների և տեսարժան վայրերի օրը: Օրվան ընդառաջ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի ճեմասրահում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ  Հարություն Վանյանը:

 

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր, որը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու հնարավորություն է ընձեռում: Յուրաքանչյուր տարի ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որևէ յուրահատուկ թեմա: Այս տարվա խորագիրն է՝ «Բարդ անցյալներ, բազում ապագաներ»: 

 

Շնորհավորելով գործընկերներին, հուշարձանների պահպանության, անվտանգության բոլոր պատասխանատուներին և մասնագետներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն ասել է. «Վստահ եմ՝ այսօր, ավելի քան երբևէ, դուք պետք է ձեր մասնագիտությանը վերաբերվեք որպես առաքելության: Հասկանալով, թե ինչ նոր մարտահրավերների ու խնդիրների առաջ ենք կանգնել, ուզում եմ իմ գնահատանքի խոսքն ասել ձեզ մասնագիտական պատրաստվածությամբ, պատասխանատվության բարձր զգացումով ահռելի աշխատանք կատարելու համար: Անկախ մարտահրավերներից՝ մաղթում եմ ուժ, հետևողականություն, կամք, որովհետև ունենք կարգավորելու լրջագույն  խնդիրներ»: 

 

Նախարարի տեղակալը շեշտել է, որ օրը կարևոր է ոչ միայն տոնական տրամադրության, այլև խնդիրների քննարկման տեսանկյունից: Նա մասնավորապես ընդգծել է. «Ինչպես գիտենք, ունենք ահռելի ժառանգություն, որ թողնված է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, որտեղ մնացել են շուրջ 1500 պատմամշակութային արժեքներ: Այսօր Արտաքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ գրեթե ամենօրյա ռեժիմով քննարկում ենք մեր անելիքները, փորձում ենք հրատապ արձագանքել բոլոր մարտահրավերներին: Փորձում ենք համակարգված քաղաքականություն վարելու ճանապարհով գտնել համալիր լուծումներ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի շրջանակում մշակվել է գործողությունների պլան, և քայլ-քայլ իրականացնում ենք դրանք: Բնականաբար, ամեն ինչ չէ, որ ենթակա է հանրային լուսաբանման»:

 

Ա. Խզմալյանի խոսքով՝ մարտահրավերներն ու խնդիրները վերաբերում են ոչ միայն Ադրբեջանի հսկողության ներքո հայտնված պատմամշակութային ժառանգությանը, այլև մեր երկրի ներսում մշակութային կոթողների, արժեքների հանդեպ հանրային վերաբերմունքին և դրանց ընկալման մակարդակին: Նա տեղեկացրել է, որ ապրիլի 27-ին Մատենադարանում աննախադեպ ձևաչափով և ընդգրկմամբ համաժողով է տեղի ունենալու, որին մասնակցելու են ոլորտի բոլոր շահագրգիռ կողմերը՝ գերատեսչությունների, մասնագիտական հանրության ներկայացուցիչներ, իրավապահներ, հոգևորականներ, դիվանագետներ՝ համակողմանիորեն քննարկելու բոլոր խնդիրները: Համաժողովը կրելու է «Բարդ անցյալներ, բազում ապագաներ» խորագիրը: 



Համաժողովն ունենալու է նաև գեղարվեստական մաս, որի գլխավոր նպատակը «Հայփոստ»-ի հետ համագործակցությամբ իրականացված նախաձեռնության իրազեկումն է: «Մենք թողարկում ենք նամականիշներ՝ պատմամշակութային հուշարձանների նկարներով, որոնք գնելով՝ յուրաքանչյուր քաղաքացի իր մասնակցությունն է ունենալու հուշարձանների պահպանությանը: Դրանք արդեն իսկ վաճառքում կան, բայց հանրային իրազեկվածության ցածր մակարդակը չի նպաստում, որ եկամուտները լինեն այնքան, որ կարողանանք լիարժեք խոսել այդ նախագծի հաջողության մասին: Համաժողովին այս ուղերձները հասցնելու ենք հանրությանը»,- նախագիծն է ներկայացրել փոխնախարարը:

 

Ա. Խզմալյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ հուշարձանների պահպանությանն առնչվող միջոցառումները չսահմանափակվեն միայն հուշարձաններով, այլև ընդգրկեն արվեստի տարբեր ուղղությունները՝ մեծացնելով հուշարձանների գրավչությունը: Նա հիշատակել է այդ կապակցությամբ դեռևս անցյալ տարի նախատեսված «Յարխուշտա» փառատոնը, որը համավարակի պատճառով չիրականացավ, բայց նպաստեց, որ պարային խմբերը հանդես գան հուշարձանների՝ մասնավորապես ամրոցների և բերդերի տարածքներում, որպես ռազմի պարեր՝ «վերադառնան» իրենց տրամաբանական միջավայր: Այսպիսով, նկարահանվել են հոլովակներ՝ հանրային ուշադրությունը սևեռելով դեպի հուշարձաններ: Նախագծի շրջանակում նկարահանված հուշարձաններն ու պարային խմբերն են՝ Դաշտադեմի ամրոցի տարածքում «Սասնա ծռեր» ազգագրական համույթ, Հալիձորի բերդում՝ «Բերդ» պարային անսամբլ, Լոռի բերդում՝ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլ, Բջնի բերդում՝ «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթ, Բերդավանի ամրոցում՝ Հայաստանի պարի պետական անսամբլ: Հոլովակների շնորհանդեսը կլինի շուտով: 

 

Նշենք, որ «Առնո Բաբաջանյան» համերգասրահը, որտեղ կայացել է ասուլիսը, ևս պատմամշակութային հուշարձան է: «Հուշարձանն աղավաղված է իր նախնական տեսքից, որը, ի պատիվ տնօրենի, աստիճանաբար կարգավորվում է, և մենք այս կառույցի անխաթար տեսքի վերականգնման խնդիրը փորձում ենք բերել հանրային ուշադրության կենտրոն, և օր առաջ կառույցը վերադարձնել իր իրական տեսքին ու արժեքին»,- եզրափակել է նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:

 

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ