Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դումանյան
A A
Պաշտոնական

Կինոն նաև մշակութային քաղաքականության կարևոր օղակ է․ ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը

 ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը Կինոյի օրվա առթիվ

Հարգելի՛ կինոգործիչներ,

կինեմատոգրաֆիան մեր կյանքի ոչ միայն արտապատկերումն է, այլև իմաստավորումը: Կինոգործչի բարդ ու հետաքրքիր մասնագիտությունը հանդիսատեսին բազմաթիվ հարցերի պատասխաններ գտնելու, միաժամանակ նոր հարցեր ձևակերպելու հնարավորություն է տալիս: 

Անկախության` հատկապես կինոարտադրության համար չափազանց դժվարին տարիները հայաստանցի կինոգործչից բազմապատիկ եռանդ ու նվիրում են պահանջել: Բազում փորձություններ հաղթահարվել են, եղել են նաև անհաղթահարելի դժվարություններ, բայց միշտ եղել է ձեր անմնացորդ նվիրումը և հանդիսատեսի սպասումը` հայտնվելու արդի կինոաշխարհի անկանխատեսելի հոլովույթներում:

Կինոն նաև մշակութային քաղաքականության կարևոր օղակ է. մեր երկրի` միջազգային հեղինակության ու կշռի չափումը նաև ազգային կինեմատոգրաֆի միջոցով է իրականանում: Մենք շնորհակալ ենք կինեմատոգրաֆիայի ասպարեզի բոլոր աշխատակիցներին ներդրած ջանքերի ու հատկապես մեր ազգային-պետական կյանքում այս ծանր օրերին դրսևորած տոկունության ու նախանձախնդրության համար:  

Կինոյի օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս, մաղթում անկոտրում կամք և ձեռքբերումներ: