Բացել լրահոսը Փակել լրահոսը
173392962_3904767492910484_2372090478589293862_n
A A
Պաշտոնական

ԵՄ դեսպանը ներկա է գտնվել Հրազդան կոշտ թափոնների աղբավայրի շինարարության մեկնարկին

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը ներկա է գտնվել Հրազդան կոշտ թափոնների աղբավայրի շինարարության մեկնարկի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ տեղակայված՝ կոշտ թափոնների կառավարման ժամանակակից գործընթացներով հագեցած աղբավայրի կառուցումը թույլ կտա իրականացնել կոշտ քաղաքային թափոնների հավաքման ու վերամշակման աշխատանքներ, ինչպես նաև կապահովի բնապահպանական և սոցիալական մեծ օգտակարություն տեղի բնակիչների և բիզնեսների համար։
 
«Այս կարևոր զարգացումը համահունչ է շրջակա միջավայրի պահպանության և թափոնների կառավարման վերաբերյալ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) դրույթներին ու նպաստում է ԵՄ Կանաչ գործարքի նպատակներին: Կանաչ վերականգնումը կարևոր ներդրում է մեր ապագայի համար․ այն ընձեռում է բազմաթիվ հնարավորություններ գործարարության զարգացման և աշխատատեղերի ստեղծման համար՝ ի նպաստ ՀՀ քաղաքացիների: Այս նախագիծը կօգնի Կոտայքի և Գեղարքունիքի մարզի մի քանի տեղական համայնքներին ներդնել կոշտ թափոնների համալիր կառավարման համակարգ և բարելավել թափոնների հավաքման, այդ թվում՝ տեսակավորման, վերամշակման համակարգը և նոր հնարավորություններ ընձեռել տեղական բիզնեսներին», - իր ելույթում նշել է ԵՄ դեսպանը:
 
Շինարարությունը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն հիմնադրամի (E5P) կողմից: Հրազդանում ԵՄ չափանիշներին համապատասխան կոշտ թափոնների աղբավայրը կսպասարկի 12 քաղաքապետարանների: