Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հայաստանը պատրաստ է ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահներին․ ԱԳ նախարար (տեսանյութ)

Տաթևիկ Հայրապետյան. Պարոն նախարար, վերջերս մեր հանձնաժողովում Ձեզ հետ հանդիպման շրջանակներում Դուք շեշտեցիք, որ մեզ անհրաժեշտ է ուժեղ համանախագահություն, և խոսեցիք ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետության և ակտիվության բարձրացման մասին: Երեկ համանախագահները համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել, նաև խոսել պատրաստակամության մասին՝ միջնորդելու քաղաքական երկխոսության վերականգման հարցում: Կցանկանայի Ձեր դիտարկումները լսել այդ հարցում և նաև հնարավոր երկխոսության վերականգնման վերաբերյալ Ձեր մոտեցումները: 

Արա Այվազյան. Շնորհակալություն, տիկին Հայրապետյան: Այսօր պարոն վարչապետն արդեն անդրադարձել է Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը: Իմ կողմից ներկայացնեմ լրացուցիչ դիտարկումներ: 

Առաջին՝ հայտարարության մեջ համանախագահները հստակ ընդգծում են, որ ժամանակն է ուշադրություն դարձնել հակամարտության վերջնական, համապարփակ և կայուն կարգավորմանը` կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա: Այս առնչությամբ ցանկանում եմ մեկ անգամ ևս հիշեցնել, որ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է և բազմիցս արտահայտվել է. այն է, որ միայն քաղաքական բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և որը կորոշի Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում: 

Երկրորդ՝ համանախագահները փաստում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոչ բոլոր դրույթներն են կյանքի կոչվել, և կոչ են անում քայլեր ձեռնարկել՝ մարդասիրական իրավունքի շրջանակներում գերիների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձության, Արցախ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքի և մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության վերաբերյալ: Սա ևս մեկ անգամ միջազգային հանրության, այս անգամ՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով, հերթական կոչն է Ադրբեջանին՝ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած  հանձնառություններն ու միջազգային պարտավորությունները և հրաժարվել ապակառուցողական դիրքորոշումներից, որոնք կարող են վտանգի տակ դնել նոյեմբերի 9-ի հայտարարության ամբողջական իրականացումը: 

Երրորդ՝ համանախագահները կոչ են անում անհապաղ սկսել բարձր մակարդակով խորհրդակցություններ: Ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանը երբեք չի խուսափել հանդիպումներից, բայց որպեսզի այդ հանդիպումները տեղի ունենան, նախևառաջ, պետք է ստեղծել պայմաններ նվազագույն վստահության համար և նաև ձևակերպել հստակ օրակարգ: 

Ադրբեջանն իր ռազմատենչ, ապակառուցողական, հայատյաց հայտարարություններով և դիրքորոշումներով խոչընդոտում է նման մթնոլորտի ձևավորմանը: Ես կարծում եմ, որ, վերհիշելով այն, ինչ ես ասել եմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որ ուժեղ համանախագահությունը կարող է նպաստել այդ վստահության մթնոլորտի ձևավորմանը, առավել թիրախային հասցեագրել կողմերից մեկին, այս դեպքում՝ Ադրբեջանին, որ պետք է զերծ մնա հակահայկական թշնամական քարոզչությունից և գործողություններից: 

Տաթևիկ Հայրապետյան. Արդյո՞ք կա նախատեսված այց մոտ ապագայում, թե դեռ վաղ է դրա մասին խոսելը։ Խոսքը համանախագահների այցի մասին է տարածաշրջան։ Շնորհակալություն։

Արա Այվազյան. Մենք պարբերական շփումներ ունենք համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ՝ բարձր մակարդակով և դեսպանների մակարդակով։ Շփումները շարունակվում են, և կարող եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է ընդունել համանախագահներին՝ տարածաշրջանային այցերի հաստատված պրակտիկայի շրջանակներում։

Շիրակ Թորոսյան. Հարգարժան կառավարություն, 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան հանդես եկավ մի նախաձեռնությամբ՝ ստեղծել երկխոսության նոր հարթակ տարածաշրջանային պետությունների ձևաչափով` Թուրքիա, Ադրբեջան, Իրան, Ռուսաստան, Վրաստան, Հայաստան: Այդ առաջարկությունը, ըստ երևույթին, չարժանացավ կողմերից որևէ մեկի լուրջ արձագանքին, բայց Վրաստանը բացեիբաց մերժեց` պատճառաբանելով, թե այդ ձևաչափում կա նաև Ռուսաստանը, և այդ պատճառով իրենք մերժում են ու առաջ են քաշում նոր հարթակ` Վրաստան-Հայաստան- Ադրբեջան: Իմ կարծիքով՝ չնայած պատճառաբանությունը Ռուսաստանի մասնակցությունն էր, բայց նաև այս մերժման և նոր առաջարկի հիմքում կար հակաթուրքական տարր: Գտնու՞մ եք արդյոք, որ դա այդպես է և, ընդհանրապես, ելնելով այն հանգամանքից, որ մեր տարածաշրջանային անվտանգության մեխը հայ-ռուսական երկկողմ հարաբերություններն են, ինչպես նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր հարաբերությունները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցն ամբողջովին դիտարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, դիտարկվու՞մ են արդյոք հնարավոր նոր ձևաչափեր: 

Արա Այվազյան. Պարոն Թորոսյան, շնորհակալություն հարցի համար։ Կարծեմ շատ հստակ և բազմիցս արձանագրել ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման միակ հարթակը մենք դիտարկում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, և որևէ այլ գաղափարներ, որոնք հնչում են տարբեր կողմերից, մեզ համար ընդունելի չեն։ Արված է հսկայական աշխատանք, և ակնկալում ենք, որ աշխատանքները կշարունակվեն նույն ձևաչափով։ Ինչ վերաբերում է տարբեր հարթակներին, ապա ստիպված եմ կրկնել, որ Հայաստանը միշտ կողմնակից է եղել տարածաշրջանային համագործակցությանը, որը կխթաներ նաև վստահության մթնոլորտը, և կբերեր, ի վերջո, տարածաշրջանում կայունության և անվտանգության։ Մեր մեղքով չի եղել, որ այդ հարթակները, տարածաշրջանային համագործակցությունը տեղի չեն ունեցել։ Այսօր, ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ այդ վստահության մթնոլորտի մեծ պակաս կա։ Հուսով ենք, որ ապագայում հարևան երկրները վստահության մթնոլորտի վերականգնման կամ ձևավորման ուղղությամբ քայլեր կձեռնարկեն։