Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Իմ քայլով ես ցանկացել եմ նշել, որ այդ միջավայրը մեզ ոչ մի տեղ չի տանում»․ Ժաննա Անդրեասյանը` հրաժարականի մասին (տեսանյութ)

«Մենք կցանկանայինք բուհերի և ընդհանուր գիտության զարգացման մեր քայլերի շրջանակում ունենալ բովանդակային խոսակցություն, բայց քանի որ հարցը ստացավ հանրային հնչեղություն և հնչում են տարբեր բնույթի մեղադրանքներ առ այն, որ մենք՝ որպես հոգաբարձուների խորհրդի անդամներ, գտնվել ենք անտարբեր բուհի խնդիրների հանդեպ, հարկ համարեցինք պարզաբանել», - ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ ԿԳՄՍ նախարարության կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված ներկայացուցիչների հրաժարականի վերաբերյալ։

 Նա նշեց, որ իրենք, որպես խորհրդի անդամներ, մասնակցել են նիստի, ունեցել են որոշակի գործընթաց, որից հետո հայտնաբերել են, որ տեղի է ունեցել խորհրդի ընթացքում տեղի ունեցած քննարկումների և կայացած որոշումների խեղաթյուրում, առնվազն չունեն վստահություն այդ խորհրդում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ և իրենք կարիք ունեն կառուցողական մթնոլորտի։ Ըստ նրա՝ խնդիրը հետևյալն է։

 Ըստ նրա՝   ապրիլի 1-ի նիստին ներկա չի եղել, ինչպես արդեն հայտնել է, աշխատանքային զբաղվածության պատճառով, սակայն դրա հետ մեկտեղ, առաջացել էին հարցեր, որոնք կապված էին ուղարկված օրակարգի հետ․

«Այդ օրակարգից պարզ էր դառնում, որ ներառված չէ խորհրդի նախագահի ընտրության մասին հարց։ Երբ դրանից վերադառնալով՝ փորձեցինք գտնել նախորդ խորհրդի նիստի արդյունքում կայացրած որոշումները և հասկանալ, որ ձևակերպման կամ վերջնական պայմանավորվածությունների, քվեարկված որոշումների մակարդակում գուցե ինչ-որ դետալ ճիշտ չենք մտաբերում, զարմանալի մի բան հայտնաբերեցինք՝ հոգաբարձուների խորհրդի բաժնում՝ փաստաթղթերի տեղակայման բաժնում, տեղադրված են հունվարի 29-ի որոշումները և երբ ծանոթանում ենք աշխատակարգում տեղի ունեցած փոփոխությանը, տեսնում ենք, որ ձևակերպումը չի համապատասխանում խորհրդի կողմից քննարկված և քվեարկված որոշմանը», - ասաց Ժաննա Անդրեասյանը։

Հարցը, որ իրենց համար խիստ խնդրահարույց է, նրա խոսքով, հետևյալն է՝ խորհրդի նախագահի լիազորությունների դադարման դեպքում խորհրդի քարտուղարը, եթե տվյալ բուհում սովորող չէ, ժամանակավորապես ստանձնում է նախագահի լիազորությունները՝ մինչև խորհրդի կողմից նախագահի ընտրության մասին որոշման կայացումը․

«Որպեսզի տարբերությունը հստակ լինի, ևս մեկ անգամ կարդամ այն, ինչը մեզ ուղարկվել և քվեարկվել էր՝ ժամանակավորապես ստանձնում է նախագահի լիազորությունները՝ մինչև խորհրդի հաջորդ նիստում նախագահի ընտրության մասին որոշման կայացումը», - ասաց նա։

Անդրեասյանի խոսքով՝ խորհուրդը քվեարկել է աշխատակարգի այն փոփոխության համար, որով հստակ է, որ քարտուղարի կողմից լիազորությունների ստանձնումը խիստ ժամանակավոր է և նախատեսված է միայն հաջորդ նիստը հրավիրելու համար, որում անպայման պետք է քննարկվի նախագահի ընտրության հարցը․

«Այնուհետև, անհասկանալի հանգամանքներում, որպես հոգաբարձուների խորհրդի որոշում և ըստ այդմ հաստատված փաստաթուղթ, դրվում է մի տեքստ, որի համար խորհուրդը չի քվեարկել։ Ստացվում է, որ խորհուրդը որևէ կերպ չէր կարող լիազորել քարտուղարին՝ հրավիրել նիստ, որում ներառված չէ որպես առաջին հարց նախագահի ընտրության խնդիրը։ Եվ այս պարագայում մենք չենք գտնում, որ այդ գործողությունները իրավական դաշտում են և իրավաչափ են», - նշեց Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն էլ հավելեց, որ այդ ձևակերպումների խեղաթյուրմանը պետք է իրավական գնահատական տրվի։ Սակայն հարցը միայն իրավական չէ, ստացվում է, որ ապրիլի 1-ի նիստի օրակարգում ներառված չէ խորհրդի նախագահի ընտրության հարցը։

«Բայց կա իրավական ընթացակարգ, որ ռեկտորի ընտրության կամ մյուս բոլոր հարցերը օրակարգային դարձնելուց առաջ պետք է խորհուրդը ընտրի նախագահ։ Եվ այդ հարցը չի դրվում, այսինքն, կարծես թե քարտուղարը ստանձնել է այդ գործառույթը ոչ թե կազմակերպական կոնկրետ խնդիր լուծելու համար, այլ կարծես այդ հարցը լուծված է, քարտուղարը կարողանում է նախագահի լիազորությունները տանել անժամկետ, անհասկանալի», - ասաց նա։

Հարցին, թե արդյո՞ք փորձել են ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղարից կամ հենց համալսարանից մեկնաբանություն ստանալ, Ժաննա Անդրեասյանը պատասխանեց․

«Պատկերացրեք, որ Ազգային ժողովն ընդուներ օրենք և այդ օրենքը քննարկվեր և քվեարկվեր, որ, օրինակ, այս կարգավորումը պետք է գործի 5 տարի։ Այնուհետև, պատգամավորները ԱԺ կայքում կամ իրավական փաստաթղթերի շտեմարանում հայտնաբերեին, որ այդ ժամկետը ոչ թե 5 տարի է, այլ 7, որի շուրջ իրենք չեն քննարկել և համաձայնել։ Ի՞նչ մեկնաբանության հարց կա այստեղ։ Պարզ է, որ տեղի է ունեցել փաստերի խեղաթյուրում», - ասաց նա։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակից միակ ելքը նոր խորհրդի ձևավորումն են տեսնում, որին էլ ուղղված էր կոնկրետ իր քայլը․ «Իմ քայլով ես նաև ցանկացել եմ նշել, որ այդ միջավայրը մեզ ոչ մի տեղ չի տանում»։

Հիշեցնենք, որ Կառավարության և ԿԳՄՍ կողմից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդում ներկայացված արդեն 15 անդամ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Եթե հրաժարականի դիմում ներկայացրած անդամների թիվը հասնի 16-ի, հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի։