Բացել լրահոսը Փակել լրահոսը
169999454_2915747201999723_7728198740377256559_n
A A
Պաշտոնական

100 թթվածնի խտացուցիչ՝ ԱՆ-ին․ դրանք կօգնեն պացիենտներին ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունից (տեսանյութ)

Եվրոպական միությունը (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առողջապահության նախարարությանն են նվիրաբերել 100 թթվածնի խտացուցիչ, որոնք կօգնեն պացիենտներին ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունից: Սարքերը տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության` առավել լայն փաթեթի շրջանակում:
 
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը, առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այցելել են ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»` սարքավորումների առաքանին ստանալու համար:
 
Թթվածնի խտացուցիչները COVID-19-ով հոսպիտալացված հիվանդներին թթվածնով ապահովելու ոչ ինվազիվ միջոց են: Նման հավելյալ թթվածինն առաջին անհրաժեշտ քայլն է COVID-19-ի ծանր ընթացքի դեպքում արյան մեջ թթվածնի ցածր մակարդակ ունեցողների բուժման համար:
 
Նշենք, որ COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամի սկզբից ի վեր ԵՄ-ն և ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային գրասենյակն ակտիվորեն աջակցում են Հայաստանին կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում: Այս աջակցությունը տրամադրվում է COVID-19-ի համավարակին ուղղված ԵՄ արձագանքման շրջանակում։ Ծրագրի շրջանակում 2020 թվականին տրամադրվել են 100 թթվածնի խտացուցիչ, որոնք բաշխվել են COVID-19 սպասարկող հիվանդանոցներին՝ օգնելով հարյուրավոր պացիենտների։ Նաև տրամադրվել են 50 հազարից ավելի անհատական պաշտպանիչ միջոցներ, 20 էլեկտրասրտագրության սարք և 11 պացիենտի մոնիտոր։ Ազգային լաբորատորիաներին տրամադրվել է 20 հազար բարձրորակ ՊՇՌ թեստ։
 
Առաջիկա ամիսներին Հայաստան կառաքվեն 22 արհեստական շնչառության սարք և 7 ֆլյուրոսկոպիայի ստացիոնար սարքավորում։
 
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին մշտական աջակցության համար, հատկապես կորոնավիրուսային հիվանդության համաճարակի դեմ պայքարում և ընդգծել, որ թթվածնի խտացուցիչները կթեթևացնեն COVID-19-ով պացիենտների վիճակը և կօգնեն բուժման գործընթացում:
 
Առողջապահության նախարարություն