Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo (2)
A A
Պաշտոնական

Առաջին կին պատգամավորները

Հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակներում կանայք աչքի են ընկել հասարակական-քաղաքական ակտիվ գործունեությամբ, օջախի կրակն անմար պահելուց ու սերունդներ կրթելուց զատ մասնակցել են նույնիսկ ռազմական գործողություններին:  Այդպիսին էր եւ է հայ ազգի ճակատագիրը: Միեւնույն ժամանակ անհերքելի փաստ է, որ հայ կինը եղել է գնահատված, արժեւորված թե՛ իր ընտանիքում, եւ թե՛ հասարակական կյանքում: Այդ մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Հայաստանի կանայք ընտրելու եւ ընտրվելու իրավունք ստացել են 102 տարի առաջ՝ Առաջին հանրապետության օրոք, երբ Եվրոպայի շատ երկրներում կանայք դեռ պայքարում էին ու դեռ մի քանի տասնամյակ էլ պայքարեցին այդ իրավունքի համար: 1919-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրված 80 պատգամավորից 3-ը կին էին: Ընդ որում՝ ոչ ֆիկտիվ, ոչ էլ գենդերային հավասարության օրենքի պահանջներով, այլ իրենց կամքով եւ հասարակության պահանջով:

Առաջին կին պատգամավոր լինելուց զատ այս կանայք եւս մեկ ընդհանրություն ունեն. նրանք բոլորն էլ կրում էին նաեւ իրենց ամուսինների ազգանունը: Ժամանակներն էին այդպիսին: 
  
Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան (1886-1940)

Նախնական կրթություն ստացել է Բուլղարիայի Ֆիլիպպե (Պլովդիվ) քաղաքում: 16 տարեկան հասակում Եվրոպա մեկնելու ճանապարհին հանդիպել է ապագա ամուսնուն՝ հեղափոխական եւ ֆիդայական շարժման հայտնի գործիչ Սարգիս Բարսեղյանին: Ամուսնու հետ Պերճուհին կանանց միություն հիմնեց, որը պետք է զբաղվեր հայ գիրը, գրականությունը, պատմությունը եւ հեղափոխական գաղափարները տարածելով: 1915-ի ապրիլի 24-ին հայ բազում մտավորականների հետ ձերբակալվեց նաեւ Պերճուհու ամուսինը՝ Սարգիս Բարսեղյանը: Նրան   գազանաբար սպանեցին:

1918-ի  Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո Պերճուհին տեղափոխվեց Երեւան, ընտրվեց խորհրդարանի անդամ: Օրենսդիր մարմնում ծավալած գործունեությունից զատ Պարտիզպանյանը նաեւ գրում էր պատմվածքներ, որոնք, ի դեպ, թարգմանվել են ֆրանսերեն եւ անգլերեն:  «Արփիկը» եւ «Օղակ մը շղթայես» պատմվածքների համար ԱԺ կին պատգամավորն արժանացել է մրցանակների:   

Կատարինե Զալյան-Մանուկյան (մահացել է 1965 թ.)

Կատարինե Զալյանը բժշկուհի էր՝ իր կյանքը նվիրաբերած Ցեղասպանությունից հետո հայ որբերի ու գաղթականների օգնության գործին: 1917-ին նա ամուսնացավ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից ամենավառ կերպարի՝ Արամ Մանուկյանի հետ: Կատարինեն ստանձնեց ոչ միայն նրա կնոջ դերը, այլեւ երկրի առաջին ատյանում՝ օրենսդիր մարմնում, ներգրավվեց Բժշկասանիտարական հանձնաժողովի կազմում՝ շարունակելով լուծել գաղթականների խնդիրները:

Հայաստանի խորհրդայնացումն ու ամուսնու մահը Կատարինեին կտրեցին հայրենիքից:  Մանկահասակ դստեր հետ նա մեկնեց Կրասնոդար՝ Արամի ազգականների մոտ: Սակայն շատ չանցած՝ 1927-ին, Կատարինեն վերադարձավ Երեւան եւ կրկին զբաղվեց բժշկությամբ ու սոցաշխատանքով:

Վարվառա (Վարյա) Ռոտինյան-Սահակյան

Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիք Սահակյանի կինը՝ Վարվառան, նույնպես խորհրդարանի պատգամավոր էր: Նրա օրենսդիր գործունեության մասին փաստերը քիչ են, հայտնի է, որ զբաղվել է Ցեղասպանության արդյունքում գաղթականների ու անօթեւանների հարցերով: Սակայն նրա կյանքը նույնպես բավականին ծանր ու կորուստներով լի էր. մահացել է զավակը, այնուհետեւ Հայաստանի խորհրդայնացումից հետո բանտարկվել ամուսինը: Փետրվարյան դեպքերի ժամանակ ընտանիքով գաղթել են Թավրիզ: 6 տարի հետո տեղափոխվել են Հարավային Իրան, հետագայում՝ Իրաք, ապա՝ Լիբանան: Այդ ընթացքում նա չի դադարել հայկական տարբեր համայնքներում աշխատել օգնության կենտրոններում: Բեյրութում մասնակցել է Օգնության խաչ կազմակերպության աշխատանքներին: 1932-ին Վարվառան կորցրել է մյուս զավակին, մեկ տարի անց էլ՝ ամուսնուն: