Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արցախում` Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի ներկայացուցիչների միջեւ երկու գաղտնի հանդիպում է եղել. Արիֆ Յունուսով (տեսանյութ)

«Հոդված 3» ակումբում կայացել է «Հետպատերազմյան բանակցություններ․ ի՞նչ են քննարկում եւ ինչի՞ են ձգտում հասնել Երեւանն ու Բաքուն» թեմայով քննարկում։

«Ադրբեջանին ձեռնտու է թույլ հայկական լիդերը, նրա հետ հեշտ է պայմանավորվելը»: Կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը բանակցությունների հարցում լավատեսորեն է տրամադրված եւ գտնում է, որ բանակցություններ ընթանում են, այն էլ մի քանի հարթությունում. առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում գործընթացն է, որն այսօր փոքր-ինչ կաղում է, բայց իր գնահատմամբ` կա: Ընդ որում, սառցաբեկորի երկու մաս կա. «Տեսանելի հատվածում Ալիեւը կտրուկ հայտարարություն արեց, որ Մինսկի խումբը մեզ պետք չէ, բայց ես ձեզ վստահեցնում եմ, հենց լրագրողները գնացին, բավականին հանդարտ քննարկվում էին ապագայի հարցերն`այդ ձեւաչափում: Պետք է հասկանալ, որ երբեմն, ասվում են բաներ, հանրության, ներքին լսարանի համար, ինչը պետք չէ լուրջ ընդունել: Մինսկի խումբը ոչ մի տեղ չի անհետացել, պարզապես համաճարակ էր, եվրոպացիները զբաղված էին, ամերիկացիներն արդեն ակտիվացել են»:

Արիֆ Յունուսովի դիտարկմամբ, կա նաեւ երկրորդ ձեւաչափը`Բաքու-Մոսկվա-Երեւան.

«Այն հիմա ամենաակտիվն է եւ այստեղ գլխավոր դերը պատկանում է ՌԴ-ին»: Բայց, ըստ բանախոսի, գոյություն ունի նաեւ երրորդ ձեւաչափը, որի վրա շատերը ուշադրություն չեն դարձնում, սակայն իր համար այն շատ կարեւոր է. Ադրբեջանը 1994 թվականից ասում է, որ այս հակամարտությունը Երեւանի եւ Բաքվի մեջ է եւ, որ Ստեփանակերտի հետ բանակցությունը բացառվում է, բայց պատերազմի արդյունքում կոնֆիգուրացիա է փոխվել եւ կողմերին կամա, թե ակամա պետք է սոցիալ-տնտեսական հարցեր լուծել, հակամարտության գոտի չկա, բայց կան հսկիչ անցագրային կետեր, չեզոք հատվածներ եւ իրականում հիմա պաշտոնական շփումներ կան ղարաբաղյան եւ ադրբեջանական կողմերի միջեւ.

«Այդ հանդիպումները չեն բարձրաձայնվում, բայց երկու հանդիպում է տեղի ունեցել Ղարաբաղի հարավում եւ հյուսիսում. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պատասխանատու անձինք  եւ ԱԱԾ-ից, եղել են նաեւ հայկական կողմից մարդիկ: Այսինքն, մենք տեսնում ենք, որ բանակցություններ գնում են»: Եթե նախկինում բանակցությունները «մեռյալ հարթությունում էին» եւ «իմիտացիոն բնույթ ունեին», հիմա բանակցություններ գնում են`փոխադարձ հանդիմանանքներով, բայց այդ ուղղակի բանակցությունների արդյունքում տարբեր հարցեր են լուծվում, այդ թվում նաեւ սահմանային, կոմունիկացիոն:

Այս ամենում նա դրական բան է տեսնում, քանի որ ինչ-որ բան սկսել է առաջ շարժվել, քանի որ «նախկինում ճահիճ էր», բայց դեռ դժվար է «թունելի վերջում լույս տեսնել» եւ դեռ հասկանալի չէ, թե ինչի՞ կհանգեցնի այս ամենը: Ինչ վերաբերվում է հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի դերին, նա համոզված է, որ կոմունիկացիաների հարցից այն առաջ չի գնա:

Անդրադառնալով գերիների վերադարձի հարցին, Արիֆ Յունուսովն ասաց, որ դեկտեմբերին այս հարցում Ադրբեջանի մոտեցումը փոխվեց, գերիները հայտարարվեցին ահաբեկիչներ եւ ակնհայտ էր, որ նրանք կօգտագործվեն Ադրբեջանի կողմից իր համար ինչ-ինչ ձեռնտու հարցեր լուծելու համար:

Նա համոզված է, որ կան ստվերային բանակցություններ եւ պատահական չի համարում, որ Ադրբեջանը հայտարարեց`30 գերի կվերադարձնի Կարմիր Շուկայի ճանապարհի դիմաց:

aravot.am

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում