Հայփոստը հիմնում է ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություն
Աջակցիր «Ա1+»-ին«Հայփոստ» ՓԲԸ դիտորդ խորհրդի որոշմամբ՝ Հայփոստը հիմնում է ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող դուստր ընկերություն: Ավիացիոն բեռնափոխադրումներ իրականացնող դուստր ընկերությունը կկոչվի «Հայփոստ էյր»: Նախատեսվում է, որ «Հայփոստ էյր»-ը կունենա մի քանի օդանավ: «Հայփոստ էյր»-ը կիրականացնի ինչպես փոստի փոխադրում, այնպես էլ այլ բեռնափոխադրումներ տարբեր ուղղություններով:
«Հայփոստ» ընկերությունը ռազմավարական նշանակություն ունեցող կառույց է, որի հնգամյա զարգացման ծրագրերից մեկը «Հայփոստ էյր» դուստր ընկերության հիմնումն է: Այն հնարավորություն կտա զգալիորեն բարելավել փոստային առաքումների գործընթացը, կրճատել միջազգային փոստի փոխադրման ժամկետները: Նախատեսում ենք նաև «Հայփոստ էյր»-ում ներգրավել ավիացիոն ոլորտի առաջատար մասնագետներ»,- նշում է Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
«Հայփոստ» ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «Հայփոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի ավելի քան 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ:
«Հայփոստ» ՓԲԸ