Բացել լրահոսը Փակել լրահոսը
168359887_507402000610671_3233519174600537465_n
A A
Պաշտոնական

Նոր կյանք տալով թիթեռներին. հայրենիքի պաշտպանների ձեռագործ աշխատանքները

Վիրավոր զինվորների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում համախմբել էր տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց, արվեստասերների: Այցելուները հնարավորություն ունեցան գնահատել և ձեռք բերել տղաների ձեռքի աշխատանքները: 

Ներկաների դատին հանձնվեցին բնական թիթեռներով պատրաստված կոմպոզիցիաներ, կտավի վրա արված նկարներ, որոնք յուրահատուկ նվեր են գեղեցկությունն ու արվեստը գնահատողների համար: Ցուցահանդեսին շուրջ երկու ամիս զինվորները մեծ ոգևորությամբ ու սիրով էին պատրաստվել: Երկրորդ կյանք ստացած զինծառայողներն արվեստի միջոցով նոր կյանք են տալիս թիթեռներին: Կենտրոնում բուժվող զինվորներն ընդգծում են՝ մեծ սեր է ներդրած բոլոր կոմպոզիցիաների մեջ: Կարևորելով յուրաքանչյուր այցելուի ներկայությունը` նրանք փաստեցին, որ զբաղվածության այս տեսակն իրենց համար ապահովում է ոչ միայն արվեստի բնագավառում գիտելիքների ձեռքբերում, մասնագիտություն, այլև «արտ-թերապիա» է և միտքը հանգստացնելու միջոց:

 ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը տղաների հետ շրջեց և ծանոթացավ բոլոր աշխատանքներին: Նա նշեց, որ ցուցահանդեսը տղաների մասնակցությամբ արվեստի բնագավառի միակ միջոցառումը չէ: «Փաստացի` տղաներն իրենց ձեռքի աշխատանքը ծառայեցնում են մեր մյուս զինվորների ապաքինման և առողջ կյանք վերադառնալու կարևոր գործին»,- ասաց Արմեն Մուրադյանը՝ հիշելով, թե ինչպես տարիներ առաջ, երբ կառուցվում էր Զինվորի տունը, մեկդարյա պատմություն ունեցող շենքի փայտե հենասյուներից ևս վիրավորում ստացած տղաները հուշանվերներ պատրաստեցին` աջակցելով կենտրոնի ստեղծման աշխատանքներին: 

«Տղաները տղաների համար». այսպես բնութագրեց այս նախաձեռնությունը Զինվորի տան համահիմնադիրը՝ ընդգծելով, որ ավանդույթ դարձած այս միջոցառումները համընդհանուր ուժերով լինելու են շարունակական: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի գնահատմամբ՝ այս միջոցառումը, առհասարակ վերականգնողական բուժում ստացող վիրավոր զինվորների ներգրավածությունը տարբեր սոցիալական, մշակութային միջոցառումներում, մեզ համար ապահովում է վստահություն, որ պարտավոր ենք ապրել ավելի հզոր և ուժեղ երկրում:

 Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը հատուկ շնորհակալություն հայտնեց տղաների մասնակցությամբ թիթեռներին երկրորդ կյանք տալու նախաձեռնության հեղինակ Հելեն Առաքելյանին, որը մասնագիտությամբ ուսուցչուհի է, հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված զինվորներին աջակցելու նպատակով Հայաստան է եկել Լոս Անջելեսից։ Զինվորի տան սիրելի հյուրը վստահ է՝ տղաներն ինչպես պատերազմի ժամանակ՝ սահմանին են աչքի ընկել հայրենասիրությամբ, այնպես էլ այստեղ. իրենց աշխատանքներով փորձում են օգնել ընկերներին, որոնք բուժվում են կենտրոնում: Հայկուհի Մինասյանի տեղեկացմամբ՝ առաջիկայում կենտրոնում ստեղծվելու է արվեստի տարբեր ճյուղերով զբաղվելու համար նախատեսված սենյակ: 

Տղաների նկարչության ուսուցիչ Հովհաննես Դավեյանը կենտրոնին նվիրեց իր հեղինակած «Արցախի հիշողություն» կտավը: 

Նշենք, որ կոմպոզիցիաներում օգտագործվող թիթեռները բուծվում են բուծարաններում, հիմնականում պատվիրվում են Ֆլորիդայից, Կանադայից: Տղաները վստահ են՝ ստեղծագործելը գեղեցկացնում է մարդու միտքը: Նրանք խնձորենու, տանձենու, յասամանի և այլ ծառերի ճյուղերը հղկում են, լաքապատում, չորացնում, որից հետո՝ յուրաքանչյուրն իր երևակայությամբ ստեղծում է չկրկնվող կոմպոզիցիա: Հայրենիքի պաշտպանները որոշել են վաճառքի ամբողջ հասույթը փոխանցել Զինվորի տանը: 

Միջոցառման ավարտին մասնակիցները դասական երաժշտություն վայելելու հնարավորություն ունեցան: