Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Բեկորային վնասվածքն անհամատեղելի էր կյանքի հետ․ նա մահացավ նոյեմբերի 5-ի երեկոյան (տեսանյութ)

Ոստիկանության զորքերի ծառայող, կրտսեր սերժանտ Սերգեյ Շաքրիկյանը ծնվել էր 1994 թվականին՝ Արմավիրի մարզի Խանջյան գյուղում։ Ծառայել էր սահմանամերձ զորամասերից մեկում: Սովորում էր բարձրագույն ուսումնական հաստատությունում: Ոստիկանության զորքերում էր 2020 թվականի հունվարից։ Մոտ մեկ տարի առաջ էր ընտանիք կազմել։
Սեպտեմբերի 29-ին Սերգեյը ծառայակիցների հետ մեկնեց Արցախ։ Մասնակցեցին Քարվաճառի պաշտպանությանը։ Մեկ ամիս անց վերադարձան Երևան։ Օրեր անց Սերգեյը կրկին մեկնեց Արցախ։ Այս անգամ պետք է մասնակցեին Շուշիի պաշտպանությանը։
Նոյեմբերի 4-ից ոստիկանության զորքերի ծառայակիցների հետ Սերգեյը մասնակցում էր Շուշիի պաշտպանական մարտերին։ Անզիջում մարտեր էին մղում թշնամու դեմ, Սերգեյը նաև օգնում էր վիրավոր ընկերներին։

Նոյեմբերի 5-ին հայկական ուժերի դեմ թշնամին արձակում է հերթական արկը։ Պայթյունից հետո, ականատեսների խոսքով, նկատում են, որ ծառայողներից մեկը վիրավորվել է։ Սերգեյը պառկած դիրքից կանգնում և քայլում է դեպի վիրավորը՝ օգնություն ցույց տալու։ Մի քանի քայլ անելուց հետո, սակայն, ընկնում է։ Պարզվում է՝ ինքն էլ էր վիրավորվել։
Սերգեյ Շաքրիկյանին անմիջապես տեղափոխում են Ստեփանակերտի բուժհաստատություններից մեկը, վիրահատում են։ Սակայն բեկորային վնասվածքն անհամատեղելի էր կյանքի հետ։ Նա մահացավ նոյեմբերի 5-ի երեկոյան…
Սերգեյի այգում շուտով կկանաչեն, կծաղկեն նրա տնկած ծառերը։ Թեև ինքը այլևս չի տեսնի հայրենի գյուղի ծաղկած գարունները, բայց իր ու հանուն հայրենիքի ընկած մեր մյուս տղաների շնորհիվ կտեսնեն նրանց հայրենակիցները…
Սերգեյ Շաքրիկյանն իր կարճ կյանքն ապրեց հավատարիմ Սասունի ու Արցախի արմատներին։ Ապրեց ու իր հայրենանվեր արարքով ապրեցրեց բոլորիս։