Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ-ն քննարկում է ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու հարցը (տեսանյութ)

Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստ։ Այն գումարվել է իշխող «Իմ քայլը» խմբակության առաջարկությամբ։

Օրակարգում մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում  փոփոխություններ և լրացուներ կատարելու հարցն է։

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ռեյտինգային ընտրակարգից անցում կատարել  համամասնական ընտրակարգի։

«Առաջարկվում են համապատասխան լուծումներ, որոնցով երաշխավորվում է համամասնական ընտրակարգի բարեփոխումը և վերացվում է Ազգային ժողովի ընտրությունների համար նաև տարածքային ընտրական ցուցակների միջոցով ընտրությունների անցկացման հնարավորությունը»,-ասված է արտահերթ նիստ գումարելու որոշման մեջ։

Հարցի հիմնական զեկուցող, նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը հայտարարեց՝ ռեյտինգային ընտրակարգը ներդրման օրվանից մշտապես եղել է քննադատության առարկա, կա հանրային պահանջ, որ այն պետք է փոխվի։

«Առաջիկա ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք պետք է տեղի ունենան հունիս 20-ին, տեղի են ունենում մի պայմաններում, որ դրանց նպատակն է հաղթահարել քաղաքական ճգնաժամը, ուստի այդ գործընթացը պետք է կազմակերպվի այնպես,  որպեսզի այն ընդունելի լինի շահագրգիռ բոլոր կողմերի և ընդհանրապես մեր երկրի և հանրության համար»,-նշեց Հովակիմյանը՝ հավելելով, որ ԱԺ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն։

Հովակիմյանը պնդեց, թե խորհրդարանում այսօր ներկայացված երեք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրում եղել  է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցը։

Այսօր առաջարկվող մեկ այլ փոփոխությամբ էլ սահմանվում են իրավական հիմքեր՝ ՀՀ ամբողջ տարածքում կամ առանձին տարածքներում կարանտին սահմանելու դեպքում ընտրությունները հատուկ կանոններին համապատասխան անցկացնելու համար։

Քննարկման ընթացքում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ իրենց որևէ ծրագրում  չկա գրված, որ նման օրենսգրքի նախագիծ պետք է ընդունեն, նաև նշեց, որ ԲՀԿ-ի ծրագրում ևս չի եղել նման բան․

«Մենք միշտ պնդել ենք, որ տարածքները ուղղակի անտեսել և միայն համամասնական ցուցակով ընտրակարգ սահմանելը սխալ է, և հանձնաժողովում աշխատելիս մենք առաջարկել ենք բաց համամասնական ընտրակարգը»։

Մարուքյանը հայտարարեց նաև՝ Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել մեկ այլ նախագիծ, այսօր քննարկվում է լրիվ ուրիշ նախագիծ․

«Ո՞մ եք ուզում մոլորեցնել»։

Հովակիմյանն էլ հակադարձեց՝ այն, ինչ այսօր քննարկվում է, առկա է Վենետիկի հանձնաժողով ուղարկված մեծ փաթեթում․

«Նորություն, որը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով, չկա»։

Խաղից առաջ խաղի կանոնները փոխելու Մարուքյանի դիտարկումներին ի պատասխան՝ Հովակիմյանն ասաց՝ խաղի կանոններ չեն փոխվում, ընդամենը պարզեցվում է ընտրակարգը։