Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Կիմ Արզումանյանի հիշատակին (տեսանյութ)

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, պրոֆեսոր Կիմ Արզումանյանը մարտի 31-ին կդառնար 95 տարեկան: Ավելի քան կես դար նա ծառայել է թատրոնին, հեռուստատեսությանը, ռեժիսորական աշխատանքին, զուգընթաց ծավալել է բեղմնավոր մանկավարժական գործունեություն՝ իր փորձն ու գիտելիքները  փոխանցելով ուսանողներին:

1956 թվականին, երբ Հայաստանում հիմնադրվեց հեռուստատեսությունը, Կիմ Արզումանյանը դարձավ էկրանի ռեժիսուրայի հիմնադիրներից մեկը: Լինելով դրամատիկական հաղորդումների խմբագրության գլխավոր ռեժիսոր, հետագայում՝ հեռուստատեսության ստուդիայի գլխավոր ռեժիսոր՝ նա լայն գործունեություն ծավալեց և հիմնադրեց Հեռուստաթատրոնը. բեմադրեց  6 տասնյակ հեռուստաներկայացում, որոնց թվում՝ Վ.Թոթովենցի «Արաբական բալլադը», Գ. Սարյանի «Իրանին»,  Ալ. Շիրվանզադեի «Արտիստը», Վ. Սարոյանի «Ֆրեզնո. սրճարան Արաքս», Դյուրենմաթի «Ֆիզիկոսները», Ռ. Վիվիանիի «Փողոցային վերջին շրջմոլիկը», Իվ. Բուկովչանի «Լուիջիի սիրտը», Արտ. Քալանթարյանի «Բացեք ձեր աչքերը»:

 

«Մարդիկ կան, որոնց հետ տասնյակ տարիներ ես ապրել կողք կողքի, աշխատել ես, մինչև անգամ մտերիմ ես եղել ու ընկեր, բայց և էնպես, մի ինչ-որ բան ունեն իրենց մեջ, որից ակամա ակնածում ես ու չես կարողանում նրանց ներկայությամբ հավաք ու ձիգ չլինել, չես կարող քեզ թույլ տալ փնթիանալ: Էդպիսին էր Կիմ Արզումանյանը, որի պահվածքը կիրթ էր, խոսքը՝ մտածված, ասածը՝ հստակ: 

Թատրոնը բարդ կյանքով ապրող միավոր է՝ գեղեցիկով ու տգեղով լեփ-լեցուն, ինչ հուզումներ, ինչ կրքեր, ինչ ինտրիգներ ասես որ չեն լինում թատրոնում. Կիմը միշտ հեռու էր էդ ամենից, միշտ բարձր:

Բախտս բերեց. վերջին տարիները միասին աշխատեցինք Թատրոնի և կինոյի ինստիտուտում, բայց Կիմը դավաճանեց՝ հեռացավ կյանքից:

Նրա տեղը թափուր մնաց ինձ համար»:

Սոս Սարգսյան, ժողովրդական արտիստ

 

Կիմ Արզումանյանի հեռատես միտքը երկնեց և իրականացրեց հայ թատրոնի էտապային ներկայացումներից՝ հատվածների նկարահանումը հանրապետության անվանի արտիստների կատարմամբ: Եթե այսօր կա Գյումրիի աճեմյանական «Մեծապատիվ մուրացկաններից» նկարահանված հատված՝ Լևոն Զոհրաբյանի, Ցոլակ Ամերիկյանի և Արուս Ասրյանի մասնակցությամբ, Մայր թատրոնի «Պաղտասար Աղբարից»՝ Հրաչյա Ներսիսյանի և նրա հրաշալի խաղընկերների, Շեքսպիրի «Օթելլոյից», Լերմոնտովի «Դիմակահանդեսից»՝ Վահրամ Փափազյանի և Մետաքսյա Սիմոնյանի կատարմամբ, պարտական ենք Կիմ Արզումանյանին: Նրա նկարահանած վերոհիշյալ հատվածները գնալով դառնում են պարզապես անգին»:

Հայկազ Երանոսյան, թատերագետ

 

«Հայկական հեռուստատեսության ռահվիրաներից, ստեղծողներից մեկն էր Կիմ Արզումանյանը՝ միշտ ձիգ, գալանտ (բառիս լավ իմաստով), ճաշակով հագնված, բարեհամբույր ու պատրաստակամ, գործի ժամին խիստ կենտրոնացած, ազատ պահերին զվարթ ու զվարճասեր, կյանքը սիրող ու գնահատող:

Եվ այն, որ դեռ շատ երկար կհիշեն Կիմ Արզումանյանին իր հետ շփված մարդիկ, թանկ ու անմոռաց հուշերով, ամենևին էլ հիշողների վաստակն ու շնորքը չէ: Ուղղակի այդպես ապրեց նա՝ անմոռաց մնալու չգիտակցված մղումներով»:

Արմեն Հովհաննիսյան, թարգմանիչ, հրապարակախոս