Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դեսպանին բնապահպանությունն էր հետաքրքրում

Մարզեր

Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ այս անգամ Սյունիք կատարած աշխատանքային այցի ժամանակ, մեր երկրում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը բոլոր հանդիպումները անցկացրեց փակ դռների հետևում։ Ի տարբերություն, նախորդ այցի, տիկին դեսպանին այս անգամ հետաքրքրել էին ոչ միայն ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերը, այլեւ բնապահպանական ու տնտեսական խնդիրները։ Այցի արդյունքները դեսպանը ամփոփեց երեքշաբթի հրավիրած մամուլի ասուլիսում:

Դեսպանը լրագրողներին տեղեկացրեց, որ եղել է Մեղրիում ու Ագարակում, հանդիպել քաղաքապետերի հետ։ Միայն Ագարակի մաքսակետում Միացյալ Նահագների կառավարության աջակցությամբ 400 հազար ԱՄՆ դոլարի ներդրում է արվել, սարքավորումներ են ձեռք բերվել: Դեսպանն անձամբ է ցանկացել տեսնել, թե գործնականում ինչպես են կիրառվում սարքավորումները:

Տիկին դեսպանին հետաքրքրում էր նաև Սյունիքում ուրանի հանքավայրերի հնարավոր շահագործման հարցը: Հակուրանյան պայքարի շարժմանը միացած 3 բնապահպանական ՀԿ-ների հետ հանդիպմանը չէր հրավիրվել Կապանի «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը, ով առաջինը սկսեց պայքարը: Պատասխանելով լրագրողների հարցերին` դեսպանը ասաց, որ իր կարծիքով, այդ հանքավայրերի շահագործումը կբերի նոր աշխատատեղերի ստեղծման ու կապահովվի տնտեսական աճ ։ Սակայն կարևոր են մարդկանց անվտանգությունն ու առողջությունը։

«Ես ինքս փորձագետ չեմ, որ ասեմ, թե Սյունիքում ինչպես է իրականացվելու հանքերի հետազոտումը, բայց կարծում եմ, որ պետք է բոլոր փաստերը հավաքել, գնահատել ու գալ ընդհանուր եզրակացության»,-ասաց նա։ Նախորդ այցի համեմատությամբ դեսպանը մարզում առաջընթաց նկատել է:

Դեսպանը Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի հետ հանդիպմանը նույնպես անդրադարձավ ուրանյան թեմային: Խոսեցին նաև «Դինո Գոլդ Մայնիգ Քամփնիի» գործունեության, համայնքում իրականացրած սոցիալական ծրագրերի, ինչպես նաև բնապահպանության ոլորտում ներդրումների մասին։ Քաղաքապետը կարևորեց ընկերության օժանդակությունը համայնքին, միաժամանակ նշելով, որ պետք է բնապահպանական հարցերը չմոռանալ: Ի դեպ, հետաքրքիր է, թե դիվանագետների հետ հանդիպմանը ինչպես են ընտրվում այն կառույցները, որոնց ներկայացուցիչների հետ նրանք ցանկանում են հանդիպել: Պատասխանելով այս հարցին` Մարի Յովանովիչը ասաց, որ դեսպանատունն է ընտրում, բայց թե ինչ չափանիշներով` չմանրամասնվեց: Դեսպանը եղավ նաև Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնում:

Արմեն Դավթյան, Կապանի "Սոսի" Հ/Ը