Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հելսինկյան կոմիտե
A A
Պաշտոնական

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ՀՀ ոստիկանությանը կոչ է անում

2021 թ. թվականի մարտի 26-ին ՀՀ կառավարության նստավայրի հարակից
այգու տարածքից բերման ենթարկվեցին ՀՅԴ երկու անդամներ՝ Սարգիս
Կարապետյանը եւ Աշոտ Հովհաննիսյանը։
 
Ըստ համացանցում տարածված տեսանյութի՝ ոստիկանության ծառայողները
մոտեցել են Ս. Կարապետյանին եւ հայտնել, որ պետական արարողակարգը
խաթարելու համար բերման են ենթարկում, քանի որ Ս. Կարապետյանի կողմից
նման խախտումներ կատարվել են նախկինում։
 
 Ս. Կարապետյանը, ինչպես ինքը հայտնում է տեսանյութում, գտնվում էր այգում՝ ՀՀ վարչապետի
նախատեսված այցի ընթացքում իր բողոքը արտահայտելու նպատակով։
 
Ոստիկանության կողմից նման միջամտությունը չունի որեւէ իրավական հիմք։
Արտահայտման եւ հավաքների ազատությունները հանդիսանում են մարդու
հիմնական իրավունքներից, որոնց նկատմամբ ցանկացած միջամտություն պետք
է նախատեսված լինի օրենքով, անհրաժեշտ լինի ժողովրդավարական
հասարակությունում եւ հետապնդի իրավաչափ նպատակ։
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ՀՀ ոստիկանությանը կոչ է անում զերծ մնալ
հավաքների ազատության իրավունքի անհարկի եւ ոչ իրավաչափ
միջամտություններից։