Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նաիրա Զոհրաբյանը՝ ընտրությունների և ընտրակարգի վերաբերյալ ԲՀԿ-ի դիրքորոշման մասին (տեսանյութ)

««Բարգավաճ Հայաստանը» առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իր առանձին ցուցակով, ցուցակը բնականաբար գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը», - Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է ընտրական օրենսգրքին, Զոհրաբյանի խոսքով, գնդակը իշխանության դաշտում է և իրենք են սահմանում կանոնները։ Հարցին, թե արդյո՞ք նրանք, որպես երկրորդ ուժ, ճիշտ են համարում ռեյտինգային կարգից հրաժարվելը, նա պատասխանեց, որ «Բարգավաճ Հայաստանը» մասնակցելու է ընտրություններին և իրենց համար առաջնային և կարևոր է, որ այդ ընտրությունները լինեն ազատ և արդար ու ընտրությունների ժամանակ  իշխանության կողմից որևէ վարչական ռեսուրս չկիրառվի։

Նաիրա Զոհրաբյանը շատ կարևոր է համարում «ԲՀԿ» պատգամավորների կողմից ԱԺ վերջին նիստերում առաջադրված քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծը, որը ցմահ ազատազրկում է սահմանում պետական դավաճանության համար։

Նա նշեց, որ դեռևս գործող քրեական օրենսգրքով ընդամենը 12-20 տարվա ազատազրկում էր նախատեսվում պետական դավաճանության համար, իրենց առաջարկով այն դարձել է ցմահ։

ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ քաղաքացիական օրենսգրքի փոփոխության նախագիծը, Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, աննախադեպ խայտառակ օրինագիծ է․

«Ըստ օրինագծի՝ վիրավորանքի համար տուգանքը սահմանվեց 3 մլն դրամ, զրպարտության համար՝ մինչև 6 մլն դրամ։ Այս օրինագիծն ուղղված է խոսքի ազատության դեմ, ուղղված է Հայաստանում ազատ խոսքը լռեցնելու դեմ և բնավ ուղղված չէ վիրավորանքի և զրպարտանքի դեմ», - ասաց նա։

Զոհրաբյանի խոսքով՝ եթե իշխանությունները ցանկանում են Հայաստանում վերացնել վիրավորանքը, զրպարտանքը, ատելության խոսքը, հայհոյանքը, զազրախոսությունը, ապա դա վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջելու է երկու րոպե ժամանակ՝ փակվում է իշխանական ֆեյք ինդուստրիան ևՀայաստանում շնչելը կլինի շատ ավելի ազատ։