Բացել լրահոսը Փակել լրահոսը
165369529_1657530631101061_1743960526643929632_n
A A
Պաշտոնական

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորել է Արցախի իր նորանշանակ գործընկերոջը

Ի սրտե շնորհավորում եմ Գեղամ Ստեփանյանին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Արցախում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատութունը արցախահայության իրավունքների համար իրավական արդարացի պահանջատիրության խորհրդանիշ է, ժողովրդավարության ցուցիչ:
Չնայած ռազմական գործողությունների դադարին` ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության ագրեսիվ քաղաքականությունը և ցեղասպանության բացահայտ հռետորաբանությունը ստիպում են գործել գիտակցումով, որ պատերազմական վիճակը չի դադարել:
Ուստի, պետք է գործել չդադարող եռանդով` իրավունքների բոլոր խախտումների հետևողական արձանագրումները շարունակելու, Արցախում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը նպաստելու համար:
Այս պատերազմի ողջ ընթացքում պարոն Ստեփանյանի զօրուգիշեր պրոֆեսիոնալ աշխատանքը լուրջ ներդրում էր ադրբեջանական զինված ուժերի էթնիկ զտումների, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար փաստահավաք աշխատանքների հարցում:
Համոզված եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Գեղամ Ստեփանյանը իր աշխատակազմի կայացած, պրոֆեսիոնալ թիմով գործելու է հենց այս սկզբունքով:
Անձամբ իմ և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ողջ աշխատակազմի անունից հայտնում եմ ամբողջական պատրաստակամություն շարունակելու մեր համատեղ աշխատանքները՝ հանուն Արցախի ժողովրդավարության և յուրաքանչյուր բնակչի իրավունքների երաշխավորման:
 
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան