Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ԱՀ նախագահը և ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել են հակամարտության լուծման անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո (տեսանյութ)

Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին

 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 25-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին:

Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տեղում միջազգային մասնագիտացված կառույցների անխոչընդոտ ներգրավվածությունը: 

Հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերի համատեքստում նախագահ Հարությունյանը և ԱԳ նախարար Այվազյանը մտքեր են փոխանակել հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ՝ անընդունելի գնահատելով Ադրբեջանի կողմից այդ խնդրի անհարկի քաղաքականացումը: 

Ընդգծվել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական քաղաքական լուծման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Այդ առնչությամբ շեշտվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքների ճանաչման անկյունաքարային դերը հակամարտության արդարացի լուծման համատեքստում: