Ճապոնիայում մեկնարկել է Օլիմպիական կրակի փոխանցավազքը
Աջակցիր «Ա1+»-ինՃապոնիայի Ֆուկուսիմա վարչատարածքում գտնվող Ճապոնիայի ֆուտբոլի հավաքականների ուսումնական կենտրոնում երեկ մեկնարկել է Տոկիոյի օլիմպիական խաղերի ջահի փոխանցավազքը։
Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, փոխանցավազքը կտևի 121 օր, որին կմասնակցի մոտ 10 հազար մարդ: Այն կհյուրընկալվի Ճապոնիայի բոլոր 47 վարչատարածքների 859 համայնքներում։ Փոխանցավազքի մեկնարկում առաջինը կրակը կրել են Ճապոնիայի կանանց հավաքականի ֆուտբոլիստուհիները։
Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն միջոցառման առթիվ ասել է․ «Վերջին տարում աշխարհը հայտնվել է բարդ իրավիճակում, սակայն Հունաստանից Ճապոնիա բերված օլիմպիական կրակը շարունակում էր այրվել լուռ, բայց՝ աներեր: Այդ փոքրիկ կրակը հույսը չկորցրեց և սպասեց այս օրվան: Ցանկանում եմ, որ այն հույսի լույս վառի Ճապոնիայում և հուլիսի 23-ին ապահով ժամանի Տոկիոյի մարզադաշտ»։
Հիշեցնենք, որ 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին, իսկ փակումը՝ օգոստոսի 8-ին: