Բացել լրահոսը Փակել լրահոսը
153740371_1572735832928382_4621392436635581309_o
A A
Պաշտոնական

«Արդար Հայաստան» կուսակցության պահանջը

«Արդար Հայաստան» կուսակցությունը անհրաժեշտ է համարում հանրության ուշադրությունը հրավիրել կարևորագույն մի խնդրի վրա, որի լուծումը կարող է նպաստել հայրենադարձությանը, Սփյուռքի հետ էլ ավելի ներդաշնակ հարաբերությունների ստեղծմանը՝ խորապես վստահ լինելով, որ միայն հռչակագրային վարքագծով հնարավոր չէ հասնել ՀՀ բնակչության թվի կրկնապատկմանը, արտագաղթի դադարեցմանը և հայրենադարձության ապահովմանը: 

 

Նկատի ունենալով, որ ներկայումս ակտիվորեն քննարկվում է նոր ընտրական օրենսգիրք ընդունելու հարցը, հարկ ենք համարում արձանագրել, որ մինչև 2011 թվականը մեր երկրում անցկացված բոլոր տեսակի համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցել են արտերկրում գտնվող ու բնակվող ՀՀ քաղաքացիները՝ քվեարկության օրն այցելելով տվյալ պետությունում գործող ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններ: 

 

2011թ. մայիսի 26-ին ընդունված ընտրական օրենսգրքով առաջին անգամ սահմանվել է, որ քվեարկությունն անցկացվում է միայն ՀՀ տարածքում կազմավորված տեղամասային կենտրոններում, բացառությամբ դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողների և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի՝ ընտրելու իրավունք ունեցող անդամների, ովքեր կարող էին մասնակցել համապետական ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային եղանակով: 

Ըստ էության, նշված կարգը սահմանված է նաև 2016թ. ընդունված և ներկայումս գործող «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, մի տարբերությամբ, որ գործող ընտրական օրենսգրքով սահմանված կարգով այդ եղանակով կարող են ընտրել նաև օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները, ինչպես նաև ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց՝ արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցներն ու նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: 

Կարելի է ենթադրել, թե քաղաքական ի՞նչ շարժառիթներով ու հիմավորումներով է ժամանակին այսպիսի իրավակարգավորում սահմանվել, բայց կարծում ենք, որ ժամանակն է վերացնելու հարյուր հազարավոր քաղաքացիների ընտրելու իրավունքը արհեստականորեն սահմանափակող իրավակարգավորումները, առավել ևս, որ դրանք հակասում են ՀՀ սահմանադրության 29-րդ, 40-րդ և 48-րդ հոդվածներին: 

Վկայակոչված սահմանադրական նորմերի համակողմանի վերլուծությունից հետևում է, որ տասնութ տարին լրացած ՀՀ քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք: 

Եվ միայն այն հանգամանքը, որ նրանք քվեարկության օրը չեն գտնվում ՀՀ տարածքում, բավարար չէ նրանց ընտրության իրավունքը սահմանափակելու համար, այն պարզ պատճառաբանությամբ, որ յուրաքանչյուր ոք ունի ՀՀ-ից դուրս գալու իրավունք, հետևաբար, տվյալ իրավունքից օգտվելու հանգամանքը չի կարող սահմանափակել մեկ այլ կարևոր՝ ընտրելու իրավունքը, անկախ նրանից, թե քվեարկության օրը ՀՀ քաղաքացին որտեղ է գտնվում: 

Ավելի՛ն, գործող իրավակարգավորումները կարող են հիմք դառնալ խոսելու խտրականության կոնկրետ դրսևորման մասին, ինչը սահմանադրությամբ արգելվում է, քանի որ միայն դիվանագիտական ծառայություն անցնող կամ վերջինիս ընտանիքի անդամ հանդիսանալու կամ օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողի կարգավիճակ ունենալու հանգամանքը չի կարող հանդիսանալ որպես առավելություն՝ ընտրելու իրավունքից օգտվելու համար: 

Եվ այժմ, եթե մենք իսկապես ցանկանում ենք փոխել մեր պետության որակը, իսկապես խթանել հայրենադարձությունն ու կրկնապատկել մեր բնակչության թիվը, աշխարհասփյուռ ՀՀ քաղաքացիներին մասնակից դարձնենք մեր պետության զարգացման գործընթացին, ուրեմն պետք է հնարավորություն տանք ՀՀ այն քաղաքացիներին, որոնք տարիներ շարունակ բնակվում են արտերկրում «վերաինտեգրվելու» Հայաստանին:

Սահմանափակելով նրանց ընտրելու իրավունքը՝ մենք ոչ միան իրավական առումով, այլև հոգեբանորեն կտրել ենք նրանց Հայաստանի Հանրապետությունից: Այս քայլը շատ կարևոր ուղերձ կլինի նրանց: 

Նրանք պետք է գիտակցեն, որ Հայաստանի Հանրապետությունը կարևորում ու արժևորում է նրանցից յուրաքանչյուրին, որ նրանց մասնակցությունը Հայաստանի հանրային կյանքին չափից դուրս անհրաժեշտ է, որ նրանց կամարտահայտությունը և ձայնը շատ կարևոր է Հայաստանի ապագան կերտելու համար: 

Վերականգնելով այս հնարավորությունը՝ մենք ապահովում ենք հարյուր հազարավոր քաղաքացիների թեկուզև հոգեբանական կապը հայրենիքի հետ՝ նրանց մասնակից դարձնելով մեր պետության կառուցման պատասխանատվությանը, ինչը կարող է խթանել նրանց հնարավոր վերադարձին: 

Եվ եթե իսկապես մենք քաղաքացու հայրենադարձությունը դիտարկում ենք որպես առաջնահերթություն, ուրեմն ամենից առաջ պետք է վերադարձնել նրանցից խլված իրավունքը: Սա իսկական ԲԵԿՈՒՄ կլինի մեր հանրային կյանքում՝ հնարավորություն ստեղծելով կառուցելու որակապես նոր հասարակություն ու պետություն: 

Ավելի՛ն, գտնում ենք, որ ժամանակի ընթացքում սահմանադրական փոփոխությունների միջոցով անհրաժեշտ է արտերկրում բնակվող մեր քաղաքացիներին տալ նաև ընտրվելու հնարավորություն՝ պայմանով, որ ընտրվելու ցանկության դեպքում նրանք ընտրություններից առնվազն երեք տարի առաջ ընտանիքով պետք է մշտական բնակության վերադառնան Հայաստանի Հանրապետություն: 

Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումները՝ «Արդար Հայաստան» կուսակցությունը պահանջում է օրենսդրական փոփոխությունների միջոցով վերադարձնել արտերկրում բնակվող հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներին նրանցից խլված ընտրական իրավունքը: 




«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդ