Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխանության ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը․Մակունց (տեսանյութ)

««Իմ քայլը» խմբակցությունը հակված է Ընտրական օրենսգրքում ամբողջապես համամասնական ընտրակարգին անցում կատարելուն ուղղված փոփոխություններն ընդունելուն եւ համամասնական ընտրակարգով արտհերթ ընտրություններին գնալուն։ Այս պահին քննարկումներ են»։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Դիտարկմանը, թե ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է՝ Ընտրական օրենսգրքի փոփոխման դեպքում իրենք ևս  պայմանավորվածությունները կխախտեն, Մակունցն արձագանքեց՝ վերջնական պատասխան տալ չի կարող, քանի որ չգիտի, թե ինչ նկատի ունի Մարուքյանը.

 «Երբ հասկանանք, թե ինչ է իր մեջ ամբողջապես ներառել պայմանավորվածությունները, այդ ժամանակ կմեկնաբանեմ»:

Մակունցը չմանրամասնեց, թե ում հետ են լինելու Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները, և արդյոք միայն համամասնական ընտրակարգին վերաբերող դրո՞ւյթն են ուզում փոխել, թե՞ կլինեն այլ փոփոխություններ․

«Քննարկումը ներառում է տարբեր սեգմենտներ: Գիտեք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը եղել է բավական ներառական, այնտեղ տարբեր ուժեր մասնակից են եղել: Խոսքն առաջին հերթին այդ քննարկումներին մասնակցածների մասին է: Նաեւ իրատեսական պետք է լինեն փոփոխությունները առաջիկա արտահերթ ընտրությունների համար»:

Ճշտող հարցին՝ այսինքն կարող է միայն համամասնական ընտրակարգին վերաբերող դրույթը փոխվի՞, Մակունցը վերջնական պատասխան չտվեց․

«Ոչինչ չեմ բացառում այս պահին: Թույլ տվեք այս պահին որեւէ դրվագի հետ կապված մեկնաբանություն չտալ: Առաջին հերթին փոփոխությունները պետք է ենթադրեն պարզեցում, եւ որպեսզի ո՛չ ԿԸՀ-ի համար, ո՛չ էլ դերակատարների համար դա չներկայացնի բարդություն»:

Մակունցը հայտարարեց՝ ընտրական ցուցակը գլխավորելու է Նիկոլ Փաշինյանը։