Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

101 տարի ձգվող մարդասիրության ուղին․ մարտի 19-ը Հայկական Կարմիր խաչի ընկերության հիմնադրման օրն է

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հիմնադրման օրվա առթիվ ներկայացնում է․
 
Պատմական ակնարկ
 
1920 թվականի մարտի 19-ին բժիշկ Սպանդարատ Կամսարականի նախաձեռնությամբ հիմնվեց Հայաստանի Կարմիր խաչը՝ արձագանքելու այն արհավիրքներին, որին բախվել էր հայ ժողովուրդը՝ պատերազմ, սով, համաճարակներ, գաղթականների ներհոսք, անկայուն ներքաղաքական իրավիճակ։ Առաջին նվիրյալներն սկսեցին աղետի մեջ հայտնված երեխաներին, կանանց, գաղթականներին ու հիվանդներին օգնելու պարտավորեցնող ու ծանր գործը։
 
1925 թ. ստեղծվում է ԽՍՀՄ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միությունը, որը ներկայացնում էր ազգային ընկերությունների շահերը ԽՍՀՄ կառավարության առաջ, կոորդինացնում էր իր կազմի մեջ մտնող ընկերությունների զանազան գործունեությունը: ԽՍՀՄ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միության կազմի մեջ մտնում էին Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, ՀԽՍՀ Կարմիր խաչի ընկերությունները և Ադրբեջանի, Ուզբեկստանի Կարմիր մահիկի ընկերությունները:
 
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժումը մոբիլիզացրեց իր ուժերը և աննախադեպ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկվեց Հայաստան: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, համակարգելով աջակցության ընդունման և տրամադրման աշխատանքները, զարգացման ու ընդլայնման նոր խթան ստացավ։
 
Երկրաշարժի հասցրած ահռելի վնասներին գումարվեցին հարևան երկրից եկած փախստականներին ինտեգրելու խնդիրը, ապա՝ պատերազմի և շրջափակման հետևանքով տնտեսական կոլապսը, այնուհետև՝ խորհրդային հասարակարգի փլուզումը։ Ամենախոցելիների կողքին կանգնեց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։
 
Նոր շրջան
 
1993 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականի մարտի 31-ին միացել է պատերազմի զոհերի պաշտպանության մասին Ժնևի 1949 թ․ օգոստոսի 12-ի կոնվենցիաներին և 1977 թվականի հունիսի 8-ի Լրացուցիչ արձանագրություններին ու ելնելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման կանոնադրությունների դրույթներից, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ճանաչվեց որպես կամավորության սկզբունքով գործող, Կարմիր խաչի ազգային միակ, անկախ և ինքնավար ընկերություն, որը համագործակցում է հանրապետության իշխանությունների հետ մարդասիրական հարցերում և որն իրականացնում է իր գործունեությունը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման հիմնարար սկզբունքներին համապատասխան։
 
1995թ․-ին՝ կազմակերպությունը ճանաչվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից, ինչպես նաև դարձավ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ։
Ձևավորվեցին արդեն անկախ Հայաստանի Ազգային ընկերության գործունեության ուղղությունները՝ Սոցիալ-առողջապահություն, Աղետների կառավարում, Բնակչության տեղաշարժ, Առաջին օգնություն, Որոնում ծառայություն, Երիտասարդության խնդիրներին արձագանքում, Մարդասիրական արժեքների տարածում։
 
Իր մարդասիրական առաքելությունն իրագործելու համար, որպես մարդասիրական ոլորտում կառավարությանն աջակցող կառույց, Հայկական Կարմիր խաչի ընկերությունն առաջնորդվում է համայնքների դիմակայունության բարձրացման, բնակչության՝ արտակարգ իրավիճակներին և սոցիալական մարտահրավերներին պատրաստվածության բարձրացման սկզբունքով։ Այդ ճանապարհին կիրառում է Կարմիր խաչի միջազգային շարժման հարուստ փորձը, տարեցտարի ընդլայնում իր գործունեության ու հասանելիության շրջանակը, տարիների ընթացքում մարդասիրական օգնության տրամադրման ծրագրերից անցնելով զարգացման ծրագրերի։
 
101 տարի անց Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ իր 11 մարզային, մեկ տարածաշրջանային և 52 համայնքային մասնաճյուղերի ցանցով, փորձառու և նվիրված անձնակազմով, տարեկան կտրվածքով մոտ 3000 կամավորներով, աջակցող կառույց է պետական մարմիններին՝ մարդասիրական ոլորտում՝ պատրաստ դիմակայելու ցանկացած մարտահրավերի:
 
ՀԿԽԸ գործունեությունը և մատուցած ծառայությունները նպաստում են շահառուների և խոցելի համայնքների մարդասիրական կարիքների հնարավորինս թեթևացմանը և կայուն զարգացմանը:
 
Շնորհավորում ենք մեր բոլոր աշխատակիցներին և կամավորներին։ Մենք օգնում ենք Ձեր օգնությամբ։