Թշնամու հարվածը կիսատ թողեց դհոլահար տղայի մեծ նպատակները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին20-ամյա Ռուբիկի սիրելի երաժշտական գործիքը՝ դհոլն էլ չի նվագի։ Այն կմնա դհոլահար տղայի ճաշակով կահավորված, բայց իր կողմից, ծնողների բառերով, այդպես էլ չվայելած սենյակում․
«Կահավորեցինք, բայց ոչ մի օր չքնեց իր անկողնու մեջ»,-ասում է Ռուբիկի մայրը՝ տիկին Արևհատը։
Անսպասելի պատերազմը ժամկետային զինծառայող Ռուբիկ Սարգսյանի երազանքները կիսատ թողեց․
«Մեծ նպատակներ ուներ, ուզում էր անպայման ճանաչված լինել դհոլի ասպարեզում»,-հիշում է մայրը, նաև հավելում՝ ուզում էր Կոնսերվատորիա ընդունվել, ապա ծննդավայրում ՝ Աբովյանի Գեղաշեն գյուղում դհոլի դպրոց բացել։
20-ամյա տղան ընկել է թեժ մարտերում, մարտական ընկերներն են ծնողներին պատմել՝ որքան անձնվեր ու խիզախ կռիվ է տվել թշնամու դեմ․
«4 տեղով պեկա է կրակել, երևի թշնամին նկատել է իր տեղը, էտ ժամանակ մինամյոտով խփել են»,-պատմում է տիկին Արևհատը։
Վերջին անգամ զոհվելու օրն է Ռուբիկը մոր՝ տիկին Արևհատի հետ խոսել, մայրն ասում է՝ ձայնը ուրախ էր, վստահեցրել էր՝ ամեն ինչ լավ է։
Տիկին Արևհատի ու պարոն Մայիսի 4 որդիներից Ռուբիկն ամենափոքրն էր․
«Հանկարծ որ պապան ասում էր ՝ դու փոքրն ես, դու չպետք է ծառայես, ասում էր՝ էտ թեման փակ է, ես պետք է ծառայեմ»։
Մեծ եղբոր կինը՝ Համեստը, հիշում է՝ երբ հարս եկավ, Ռուբիկն ընդամենը 10 տարեկան էր, ժամանակի ընթացքում կապվել են այնքան, որ այսօր համարում է՝ հարզատ որդուն է կորցրել։
Ռուբիկը եղբոր երեք երեխաներին էլ շատ էր սիրում, հատկապես՝ ամենափոքրին․
«Իմ փոքր աղջկան էր սիրում, անունը Արևիկ է, մամային էլ շատ նման է»։
Դհոլահար տղան մեծ պատաստակամությանմբ մասնակցում էր դպրոցական բոլոր միջոցառումներին, առանձնանում իր յուրահատուկ տաղանդով։ Այսօր հարազատ դպրոցի միջանցքներում ու դասասենյակներում նրա մասին խոսում են, հիշում ու պատմում։
Եթե չլիներ չարաբաստիկ պատերազմը, Ռուբիկը տանը կլիներ արդեն երեք ամիս, բայց նրա փոխարեն ստացած մեդալներն ու խիզախության մասին պատմություններն են սփոփում ծնողներին ու հարազատներին։