Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատերազմի վտանգը հավասարեցված է զրոյի. Արմեն Խաչատրյան (տեսանյութ)

Սյունիքի հետ կապված շատ հարցեր փորձում են սարքել քաղաքական շահարկման առարկա, ինչը տագնապի զգացողություն է առաջացնում բնակչության մոտ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Կապանի N դիրքի վերաբերյալ համացանցում հայտնված տեսանյութերին․

«Սպասում եմ Դատախազության պարզաբանմանը, ամեն դեպքում զինվորականն իրավունք չունի նման հրապարակումներ անել, ես խիստ կասկածում եմ, որ այդ տեսանյութը զուտ քաղաքական նպատակներով չի արվել»։

Ըստ պատգամավորի՝ երկրի անվտանգության խնդիրները չի կարելի սոցիալական ցանցերում քննարկել․

«Եթե կպարզվի, որ մեղավորներ կան և՛ այդ հենակետի անմխիթար վիճակի համար և՛ նաև հրապարակման համար, ապա բոլորը պետք է ենթարկվեն պատասխանատվության»։

Ինչ վերաբերում է նոր պատերազմի հավանականությանը, Խաչատրյանը պնդում է՝ այս պահին պատերազմի վտանգը հավասարեցված է զրոյի: Պատերազմի վտանգ չկա, սակայն դա չի նշանակում, որ ՀՀ-ն պետք է իր պաշտպանական հնարավորությունները չվերանայի,-նշում է նա։

«Պաշտպանական հնարավորությունները պետք է հնարավորինս վերանայվեն, եւ մենք պետք է մեր նշաձողն ավելի բարձր դնենք: Մենք արդեն պետք է ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ Թուրքիային դիմակայելու մասին մտածենք: Մեր նշաձողը դա պետք է լինի: Դա ահռելի մեծ ու ծանր աշխատանք է»,-ասաց պատգամավորը։

Իշխանական պատգամավորը պնդեց՝ Սյունիքն այս պահին անվտանգ է, որևէ քաղաքացի ադրբեջանցիներից վնաս չի կրել․

«Շատ լուրջ ռազմական և քաղաքական խնդիրներ կառաջանան, եթե հանկարծ ՀՀ ինչ-որ քաղաքացի տուժի»։

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե կպարտադրեն Հայաստանին Սյունիքով միջանցք բացել, Խաչատրյանը ցինիկ որակեց․

«Որևէ մեկն այս պահին չի կարող մեզ որևէ բան պատադրել։ Հայտարարության պատճառն այն է, որ Ադրբեջանի պատկերացումները չեն արդարացվել»։

Խաչատրյանի համոզմամբ՝ գերիների գործոնը Ալիևի ձեռքում լավ գործիք են՝ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը լարելու։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Խաչատրյանն ասաց՝ գնալու են արտահերթ ընտրությունների, պետք է քննարկել ժամկետների հարցը։