«Պետք է մեկնեմ Արցախ և հասկանամ, ինչպես մշակեմ երթուղին,որ զբոսաշրջիկների համար ապահով և անվտանգ լինի» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊատերազմից հետո տուրիստական որոշ գործակալություններ խնդրի առաջ են կանգնած՝ արդյո՞ք զբոսաշրջիկները նորից կցանկանան Արցախ գնալ։
«RimaTravel» տուրիստական գործակալության տնօրեն, տուրիզմի ոլորտի փորձագետ Ռիմա Խաչատրյանն ասում է՝ չնայած խնդիրներ կան, բայց հարցումները ցույց են տալիս, որ զբոսաշրջիկների մի մասը ցանկանում է գնալ Արցախ և տեսնել հետպատերազմյան իրավիճակը․
«Սակայն անվտա՞նգ է զբոսաշրջիկների համար, թե՞ ոչ, ստույգ չեմ կարող ասել։ Շուտով ես ինքս պետք է գնամ Արցախ և հասկանամ՝ ինչպես մշակել երթուղին՝ նրանց անվտանգությունն ապահովելու համար», - ասաց նա։
Այսօր ամենակարևորը անվտանգության վերաբերյալ հստակ, պաշտոնական տեղեկություններն են, ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, քանի որ տարբեր ինֆորմացիաներից կարող է մարդկանց մոտ խառնաշփոթ իրավիճակ ստեղծվել․
«Զբոսաշրջային այցելությունները դեպի Արցախ շատ կարևոր են և կարծում եմ՝ հնարավոր է։ Եթե բիզնես հանրությունը հստակ տեղեկատվություն ունենա, կկարողանա իր ներդրումային ծրագրերն իրականացնել, զբոսաշրջային ոլորտի մասնագետներն էլ կիմանան՝ որտեղից կարող է հանկարծ վտանգ լինել և ինչպես մշակել փաթեթները», - ասաց Մեխակ Ապրեսյանը։
Բացի տնտեսականից, զբոսաշրջությունը նաև մշակութային և հոգեբանական կարևոր նշանակություն ունի, նշեց հոգեբան Իրինա Ծատուրյանը․
«Մենք ունենք վտանգված ազգային արժեքներ և եկեղեցիներ։ Մենք ունենք հնարավորություն և պետք է երեք պետության միջև ինչ-որ միջանցք ստեղծվի, որ կարողանանք գնալ և մեր դարավոր արժեքները տեսնել, ինչը հոգեբանորեն շատ կարևոր է ցանկացած հայի կամ Հայաստանում ապրող մարդու համար», - ասաց նա։
Տուրիզմը կարող է նաև մեզ համար կարևոր լինել պատերազմական հարցերը լուծելու համար, ասաց Իրինա Ծատուրյանը, քանի որ մարդիկ կիմանան, որ այստեղ համաշխարհային արժեքներ են պահպանվում։
Վիճակագրական տվյալներով 2020թ․-ին նախորդ տարվա համեմատությամբ ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը նվազել է 80․2%-ով։ Ըստ Մեխակ Ապրեսյանի՝ մի փոքր ավելի՝ 81%-ով նվազել է արտագնա զբոսաշրջությունը։
Կորոնավիրուսից հետո տուրիստական գործակալությունների մոտ 70%-ը փակվեցին, նշեց Ռիմա Խաչատրյանը։ Այս պահին գործող շատ քիչ տուրիստական գործակալություններ կան․
«Խնդիրներից մեկն այն է, որ փակվելուց հետո շատերն իրենց աշխատակիցներին ի վիճակի չէին վճարելու և հեռացրին աշխատանքից։ Եվ փորձառու մասնագետները փորձեցին այլ ոլորտներում աշխատանք գտնել ու այսօր շատ դժվար է նույն մասնագետներին հետ բերել ոլորտ։ Կարիք կա նոր մասնագետներ պատրաստելու», - ասաց նա։
Պետությունը խնդիրները որոշակի լուծելու համար պետք է մտածի տուրիստական գործակալությունների հարկերի մասին, ասաց մասնագետը։ Լավ կլինի, որ գործակալություններն ինչ-որ ժամանակ գործունեություն ծավալեն և հարկ չվճարեն։
Զբոսաշրջային ոլորտը փլուզման խնդրի առջև է կանգնած, -շեշտեց Մեխակ Ապրեսյանը, և ոլորտը փրկելու ու զարգացնելու համար Կառավարությունը հիմա պետք է կորոնավիրուսի և պատերազմի տնտեսական հետևանքները չեզոքացնելու համար հատուկ ծրագիր ներկայացնի։
Այժմ բոլոր նպատակային և պոտենցիալ շուկաներում Հայաստանը ներկայացված է այցելության համար ոչ ցանկալի երկրների շարքում։
«Շատ երկրների համեմատությամբ կորոնավիրուսային իրավիճակը մեր երկրում ավելի բարվոք է, և նաև հետպատերազմյան իրավիճակը վտանգավոր չէ, բայց մենք մնում ենք այդ երկրների շարքում։ Առողջապահության, Արտաքին գործերի նախարարությունները, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, Զբոսաշրջության կոմիտեն և մասնավոր հատվածը պետք է համագործակցելով անեն ամեն ինչ, որ տեղեկատվական առումով իրավիճակը բարելավվի և մենք հայտնվենք տուիրզմի համար խորհուրդ տրվող երկրների շարքում»,- նշեց Մեխակ Ապրեսյանը․